Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանյան շիա «Հըզբոլլահ» («Ալլահի կուսակցություն») շարժման առաջնորդ, շեյխ Հասան Նասրալան մեծ հարցազրույց է տվել Բեյրութի «Ալ Նուր» ռադիոկայանին: Նա մեծ մասամբ խոսել է Իսրայելի ու ԱՄՆ-ի մասին` նշելով, որ «Ալլահի կուսակցությունը» պատրաստվում է «մեծ պատերազմի», որի արդյունքում հրեական պետությունը «ջնջվելու է քաղաքական քարտեզներից». տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
«Տարածաշրջանի բոլոր իրադարձությունները Իսրայելի օգտին չեն… Օկուպացված Պաղեստինի դիմադրության ուժն այսօր ընդհանուր դիմադրության առանցքի ռազմավարական ուժն է»,- նշել է Նասրալան:
Նրա խոսքով` Իսրայելը գիտակցում է, որ Լիբանանի վրա ցանկացած հարձակման դեպքում մեծ կորուստներ կունենա: «Իսրայելն այն անհաղթելի ուժը չէ, ինչպիսին էր մինչև 2000 թվականը, այն ամբողջությամբ կախված է ԱՄՆ-ից, որի դիրքերը տարածաշրջանում թուլանում են: Իրենց իրերը հավաքող ու ինքնաթիռներ և նավեր նստող իսրայելցիների պատկերն իմ առջև է»,- հայտարարել է Նասրալան:
Ընդգծելով Սիրիայի հետ համագործակցության կարևորությունը արդյունաբերական և գյուղատնտեսական մակարդակներում` նա նշել է, որ Լիբանանի որոշ քաղաքական ուժեր մերժում են դա` երկյուղելով, որ Բեյրութի` նման քաղաքականությունը կարող է վնաս հասցնել Վաշինգտոնի հետ հարաբերություններին:
«Ամերիկան ցանկանում է ստորացնել Լիբանանին և վզին փաթաթել իր պայմանները: Լիբանանի տնտեսական ճգնաժամի լուծումն այն է, որ անհրաժեշտ է հրաժարվել ԱՄՆ-ին բավարարելու քաղաքականությունից և գնալ դեպի Արևելք: Ոմանք խոչընդոտում են Չինաստանի հետ գործարքների կնքմանը` վախենալով ԱՄՆ-ի պատասխան քայլերից: Մինչդեռ Չինաստանը կարող է լուծել Լիբանանի էլեկտրաէներգիայի խնդիրն ավելի փոքր ծախսերով, քան Գերմանիան, սակայն դրա համար անհրաժեշտ է քաղաքական որոշում: Եթե ներկայիս կառավարությունը լիներ «Հըզբոլլահի» կառավարությունը», կհենվեր Չինաստանի վրա: Դա կլիներ ամենամեծ ապացույցն այն բանի, որ Լիբանանն ունի անկախ կառավարություն, որը հաշվի է առնում բոլոր կողմերի կարծիքները,- ասել է «Հըզբոլլահի» առաջնորդը:
Հասան Նասրալան բացառել է պատերազմը ԱՄՆ-ի ու Իրանի կամ Իսրայելի ու Լիբանանի միջև, եթե «իսրայելցիները չորոշեն հիմար արարքի դիմել»: Վերջում նա նշել է, որ Իսրայելը «կարող է դադարել գոյություն ունենալ, եթե փոխվեն հանգամանքները, որոնց պայմաններում այն ի հայտ եկավ»: