Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի վերջին տեսանյութում տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի՝ Ն. Փաշինյանի ընտանիքը փորձել է այս անգամ հայկական մաքսնանեգ ծխախոտը ՌԴ Սոչիի միջազգային օդանավակայանի (գտնվում է Աբխազիայի սահմանին հարող Ադլեր քաղաքում) միջոցով արտահանել դեպի մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետություն, պարզապես ցնցող էր։
Եթե իսկապես այդ ամենը համապատասխանում է իրականությանը (նախորդ դեպքերը չժխտելը, Փաշինյանի՝ այս օրերի վարքագիծը և Մ. Մինասյանի ներկայացրած հիմնավոր փաստերն արդեն բոլորովին այլ բաների մասին են խոսում), ապա ՀՀ վարչապետի ընտանիքը և անձամբ վարչապետ Փաշինյանը գիտակցու՞մ են, թե իրենց այդ արկածախնդիր քայլը, և մաքսային ձևակերպման փաստաթղթում տեղ գտած “Республика Абхазия г. Сухуми. Грузия, 384900, ул. Генерала Дбар 17 кв. 36” ձևակերպումը, որը ցուցադրվեց տեսանյութում, ինչպիսի ողբերգության կարող է հանգեցնել։
Այսպես.
1. Աբխազիայի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ՝ Աբխազիան սուվերեն պետություն է, և Աբխազիայի Հանրապետության կողքին «Վրաստան»-ի առկայությունը ոչ միայն անհնար է դարձնում Աբխազիայում մաքսային ձևակերպումներ իրականացնելը, այլև Աբխազիայի սուվերենության դեմ գործողությունների իրականացման համար քրեական գործ կարող է հարուցվել այն ընկերության նկատմամբ, ով կփորձի Աբխազիան Վրաստան համարող նման ձևակերպմամբ ծխախոտ ներմուծել երկիր։
Այստեղ մենք ծայրահեղ անհարմար դրության մեջ ենք դնում նաև Աբխազիայի հսկայական թիվ կազմող հայկական համայնքին և նրա առաջնորդներին, ի մասնավորի՝ համայնքի ղեկավար, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանին։ Հուսով ենք՝ աբխազական կողմը կա՛մ ըմբռնումով կմոտենա այս աննորմալ իրողությանը և, հաշվի առնելով Տրապիզոնյանի հսկայական հեղինակությունն ու ջերմ հարաբերությունները Աբխազիայի իշխանությունների հետ՝ լարվածություն չի ստեղծի սեփական երկրի հայկական համայնքի հետ շփումներում։
2. Եթե հայկական կողմը մտածել է, որ փաստաթղթում «Վրաստան» բառի առկայությունը կերաշխավորի Վրաստանի բարյացակամ վերաբերմունքը, ապա դառնորեն հիասթափեցնենք վարչապետի ընտանիքին կամ նրան, ով գնացել է այդպիսի արկածախնդրության։
Նախ՝ Վրաստանի Սահմանադրությամբ Աբխազիան նշված է ոչ թե «Աբխազիայի Հանրապետություն», այլ՝ «Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն» (Վրաստանի սահմանադրություն, հոդված 1, 2, 7, 37, 45, 50), և ձևակերպման մեջ գործածել նման եզրույթներ, այն է՝ մի կողմից՝ «Աբխազիայի Հանրապետություն»՝ աբխազներին չնեղացնելու համար, մյուս կողմից՝ «Վրաստան»՝ վրացիներին գոհացնելու համար, պարզապես սահմանադրորեն անհամատեղելի է կողմերից յուրաքանչյուրի համար։
Երկրորդ՝ եթե անգամ հաջողվեր կաշառել աբխազներին և մաքսային ձևակերպման թղթերում տեղ գտնեին Վրաստանի Սահմանադրությունը և տարածքայինն ամբողջականությունը չոտնահարող եզրույթներ, ապա այս դեպքում էլ արկածախնդիրները հաշվի չեն առել, որ Փսոու գետի վրա գտնվող ռուս-աբխազական «Ադլեր-Փսոու» մաքսային ավտոմոբիլային անցակետը չի ճանաչված Վրաստանի կողմից որպես օրինական անցակետ, քանի որ այն պարզապես չի վերահսկվում վրացական ուժային և մաքսային մարմինների կողմից։ Ավելին, այդ անցակետը հատողների նկատմամբ Վրաստանում հարուցվում է քրեական գործ՝ պետական սահմանի խախտման հոդվածով։ (Այսպիսի իրավիճակ է նաև Ռոքի թունելին հարող ռուս-հարավօսական «Ներքին Զարամագ-Ռուկ» սահմանային անցակետի հատման պարագայում)։
Ի դեպ՝ տեսանյութում Միքայել Մինասյանի կողմից ցուցադրված մաքսային փաստաթղթում առկա 10318020 կոդը հենց ՌԴ Սոչիի մաքսային ծառայության Ադլերի ավտոմոբիլային անցակետի կոդն է: ՌԴ ֆինանսների նախարարության Մաքսային դաշնային ծառայության 2020 թ. մարտի 27-ի հրամանագրով՝ նշված անցակետը 2020 թ․ հոկտեմբերի 1-ից ենթարկվելու է Կրասնոդարի մաքսային ծառայությանը (նոր կոդը՝ 10309240)։ Հիշեցնենք՝ Ադլերի ավտոմոբիլային անցակետը հենց Աբխազիան ՌԴ-ին միացնող անցակետն է։
Եթե այս սկանդալին գումարենք նաև ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանի՝ Վրաստանի գործընկերների և առողջապահական համակարգի մասին վերջին օրերին արված բացահայտ վիրավորական հայտարարությունները, ապա Վրաստանի իշխանությունները կարող են հանգել մի եզրակացության, ըստ որի՝ ՀՀ իշխանությունների կողմից բացահայտ ինչ-որ արշավ է սկսվել Վրաստանի դեմ:
Վրաստանն այս պայմաններում կարող է ոչ միայն դիվանագիտական նոտաներ հղել, այլև գնալ առավել ծայրահեղ, ՀՀ անվտանգությանն ու տարանցիկ ուղիներին, ինպես նաև ծով խնդիրների մեջ ապրող ջավախահայությանն ուղղակի սպառնացող քայլերի։
3. Պարզորոշ է՝ մաքսանենգ ծխախոտն Աբխազիա անցկացնելու գործընթացը հայկական կողմը ծրագրել էր իրականացնել ՌԴ տարածքի միջոցով։ Իսկ մաքսային ձևաթղթում լրացվածն անընդունելի է նաև ՌԴ-ի համար. հիշեցնենք՝ այդ երկրիրը լիարժեքորեն ճանաչել է Աբխազիայի անկախությունը, և իր տարածքով այդ երկիր ներմուծվող ապրանքի ձևաթղթում «Վրաստան» բառի առկայությունը պարզապես հակասում է ՌԴ-Աբխազիա պետական հարաբերությունների տառին ու ոգուն։ Հետևաբար՝ սպասելի է նաև ՌԴ-ի կողմից համարժեք արձագանք կամ գործողություն, բնականաբար՝ կրկին ոչ հայանպաստ։
Եզրակացնենք. ՌԴ-ի տարածքով դեպի Աբխազիա մաքսանենգ ճանապարհով ծխապոտի առաքումը կարող էր և չունենալ ՀՀ-ի վրա ծանր ազդեցություններ, անդառնալի հետևանքներ երկրի համար, որոնք միանշանակ կուրվագծվեն շատ շուտով, եթե հիշյալ երկրները պարզապես որոշեն իրականացնել համարժեք քայլեր։ Ինչու՞։ Որովհետև այդ ամենը կարող էր դիտվել որևէ քրեական խմբավորման ապօրինի գործողություն, և համապատասխան երկրների իշխանությունները, աշխարհում ընդունված պրակտիկայի համաձայն, ձեռնամուխ կարող էին լինել այդ միջադեպի հետաքննությանը և հետագայում նման դեպքերի կանխմանը։ Բայց այս դեպքում գործ ունենք ՀՀ բարձրագույն իշխանությունների, ըստ հրապարակման՝ վարչապետի ընտանիքի և նրան հարող պետական պաշտոնյաների մասնակցությամբ իրականացվող ապօրինի գործողության հետ, և հիշյալ երկրների համարժեք գործողություններն իրենց ծանր հետևանքներով անմիջականորեն ուղղվելու են ոչ թե այս կամ այն քրեական խմբավորման, այլ ՀՀ վարչապետի, այն է՝ պետության, պետական շահերի, տվյալ երկրներում ապրող հայության, ՀՀ քաղաքացիների և այլնի դեմ։
Վահե Սարգսյան