կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-20 14:14
Աշխարհ

Վրաստանում այլևս արտակարգ դրության եւ պարետային ժամի անհրաժեշտություն չկա. Գախարիա

Վրաստանում այլևս արտակարգ դրության եւ պարետային ժամի անհրաժեշտություն չկա. Գախարիա

Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվում է արտակարգ դրությունը, այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Կախեթիայում գտնվող երկրի վարչապետ Գեորգի Գախարիան. այս մասին գրում է «Նովոստի-Գրուզիան»:

Միևնույն ժամանակ Գախարիան նշել է՝ երկրում երկարաձգվելու են որոշակի սահմանափակումները, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: Նա նաեւ քաղաքացիներին կոչ է արել սահմանափակումներին եւ մասնագետների հանձնարարականներին հետեւել նաև արտակարգ դրության չեղարկումից հետո:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է հասկանանք, որ մեր հաջողության գինը զրոյի կհասնի այն դեպքում, եթե բոլոր սահմանափակումները արագ հանելու մեր չկշռադատված քայլով երկրին, յուրաքանչյուր քաղաքացու եւ երկրի տնտեսական վերածնունդը վտանգի ենթարկենք: Հետևաբար, մեզ այդ սահմանափակումները պետք են, սակայն արտակարգ դրությունն ու պարետային ժամը պետք չեն, այս պատճառով մենք դիմել ենք խորհրդարանին, որ այդ սահմանափակումները լինեն ողջամիտ, արդյունավետ եւ ուղղված կոնկրետ նպատակների»։

Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարությունն առաջարկում է օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել, որոնք թույլ կտան սահմանափակող միջոցառումներ մտցնել՝ առանց երկրում արտակարգ դրություն մտցնելու և առանց խորհրդարանի թույլտվության: