կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-15 17:44
Հասարակություն

Մայիսի 18-ից կգործի երկաթուղային տրանսպորտում ուղևորների կողմից դիմակներ և ձեռնոցներ կրելու պարտադիր պահանջը

Մայիսի 18-ից կգործի երկաթուղային տրանսպորտում ուղևորների կողմից դիմակներ և ձեռնոցներ կրելու պարտադիր պահանջը

Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, պարետի որոշման համաձայն, 2020 թվականի մայիսի 18-ից սկսած՝ մի շարք սահմանափակումներ են մտցվում երկաթուղային կայաններում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում:

Մասնավորապես, երկաթուղային կայարանների տարածք և գնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ կրող ուղևորների համար:

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում ուղևորներին փոխըմբռնման համար և վստահ է, որ ուղևորներն ամենայն պատասխանատվությամբ կմոտենան տվյալ պահանջների կատարմանը:

Բացի այդ, ըստ պարետի որոշմանը, սպասասրահները և բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:

Ընկերությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել կուտակումներից սպասասրահներում և տոմսարկղերի մոտ, իսկ վագոններում` պահպանել սոցիալական տարածության նորմերը:

Հայաստանում արտակարգ դրության հայտարարելու օրվանից Հարավկովկասյան երկաթուղին ձեռնարկում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները: Բոլոր կայարանային տարածքները օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով: Յուրաքանչյուր ուղերթի ավարտից հետո բոլոր գնացքների վագոններն օդափոխվում և ախտահանվում են, վագոնների և կայարանների ախտահանումը կատարվում է նաև օրվա վերջում:

Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին:

Բոլոր աշխատակիցներին տրամադրվում են բժշկական դիմակներ, պաշտպանիչ ձեռնոցներ և հակասեպտիկներ:

Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, չափվում է նրանց ջերմությունը, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:

Բոլոր աշխատավայրերում պահպանվում են սոցիալական հեռավորության նորմերը (1,5-2 մետր):