կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-10 10:37
Քաղաքական

ՀՀ այսօրվա իշխանությունները ղարաբաղան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հստակ ռազմավարություն չունեն. Կիրո Մանոյան

ՀՀ այսօրվա իշխանությունները ղարաբաղան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հստակ ռազմավարություն չունեն. Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի հայտարարությունները հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ քննարկումներ եղել են, դրանց շուրջ պարզապես համաձայնություն չի եղել: Նա Tert.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե ինչու մինչ այժմ չէին խոստովանում, որ բանակցություններ եղել են:

«Այն, որ վարչապետը հայտարարեց, որ 2018-ի մայիսից Ղարաբաղի մասին ելույթներում մի նախադասության, ստորակետի փոփոխության կարիք չի զգացել, խնդիր է, որովհետև այդ բոլոր ասածները եթե հավաքենք, հակասական հայտարարությունններ կստացվեն: Իսկ դա ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունները ղարաբաղան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հստակ ռազմավարություն չունեն»,- ասաց նա:

Նա հիշատակեց նախորդ տարի Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գծած «կարմիր գծերը»:

«Բայց այնտեղ գլխավոր բացթողումն այն է, որ անտեսվում է այն փաստը, որ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է՝ սկսած 1991 թ․հանրաքվեից, մինչև 2006-ի և 2017-ի հանրաքվեն: Խոսվում է ապագայում կայանալիք կամարտահայտությամբ հիմնախնդրի լուծման մասին, բայց իրականությունն այն է, որ այդ կամարտահայտությունը տարբեր առիթներով եղել է արդեն»,- ասաց նա:

Ըստ Կիրո Մանոյանի՝ հիմա անհրաժեշտ է նախաձեռնել քայլեր, որոնք կնպաստեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:

«Այդ քայլերից առաջինը հենց Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրումն է, որը ոչ թե պետք է նոր պարտավորություններ դնի Հայաստանի Հանրապետության վրա, այլ իրավական հիմնավորում տա իր արածին: Միջազգային հանրությունը հիմա չի ընկալում, թե ինչու է Հայաստանը նման բան անում: Իսկ Ադրբեջանն օգտագործում է նման իրավական հիմքի բացակայությունը՝ ասելով, որ «Դուք ասում եք, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, բայց ձեր զինված ուժերն են շփման գծում, եկել, գրավել եք, ես էլ գրավողի հետ եմ խոսում: Իսկ միջազգային համայնքի դեպքում՝ ամեն անգամ կարիք չի լինի, որ վարչապետը ասի, որ ինքը բանակցություններում այս բաների մասին կարող է խոսել, իսկ Ղարաբաղի իշխանություններն էլ անպայման պետք է մասնակցեն, իրենց տեսակետը հայտնեն: Այդ բոլորը պետք է այդ համաձայնագրում լինի: Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը հայտարարում են, որ Հայատսանն Արցախի անտանգության երաշխավորն է, բայց այդ մասին հավաստող իրավական հիմքը չկա»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությանը, թե «թող մեզ ոչ ոք չասի՝ ինչ բանակցենք, ինչ պետք է, բանակցում ենք», ՀՅԴ գործիչը նշեց.

«Դա քաղաքական սխալ էր, որովհետև Ազգային ժողովում բոլոր նստածները ստացել են ժողովրդի քվեն: Բոլորի առջև են իրենք պատասխանատու, չի կարելի ասել, որ մենք Արցախի մասին խոսել ենք, բայց դուք մի ասեք, թե մենք ինչպես բանակցենք: Այս հայտարարությունն էլ հակասություն ունի նախկինում արած իր հայտարարությունների հետ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ հակասությունները շատ են»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նաև նշեց, որ Արցախի հիմնախնդրի բանակցությունների վերաբերյալ իրավունք ունեն հարցեր տալու բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերը: «Մենք բոլորս ժողովրդի մաս ենք կազում, և եթե կա տեսակետ, պետք է բարձրաձայնվի»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: