Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 31-ին Արցախում (ԱՀ) կայացան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ. բացարձակապես ազատ, արդար, ազնիվ մրցակցային հիմունքներով ձեւավորվել է Արցախի նոր խորհրդարանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել ձայների 50%-անոց շեմը։ Նրանցից Արայիկ Հարությունյանը հավաքել է 49.26%։ Ընդամենը մի քանի հարյուր ձայն է պակասել նրան առաջին փուլով հաղթելու համար։
Երկրորդ տեղը գրաված Մասիս Մայիլյանը հավաքել է 26.4%։ Թվում է, թե շատ լավ է, առաջին անգամ Արցախի պատմության մեջ կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Այդպես էլ եղավ։ Իմ կարծիքով՝ Ա. Հարությունյանը հենց առաջին փուլում էր հաղթանակ տարել։ Նա չբողոքեց անվավեր ճանաչված հարյուրավոր քվեաթերթիկների կապակցությամբ, չպահանջեց վերահաշվարկել ձայները։
Հիմա, թվում է, թե՝ ի՞նչ է եղել, որ, գնանք 2-րդ փուլ եւ ամփոփենք ընտրությունները։
Բայց ահա Մ. Մայիլյանը սկսեց խաղաթղթերը խառնել, իբրեւ թե չի ուզում մասնակցել 2-րդ փուլին։ Ակնարկում է՝ դժգոհ է 1-ին փուլի արդյունքներից։ Տղամարդը պետք է ընդունի իր պարտությունը եւ չսեւացնի իր մրցակցին, որը բացարձակ ազնիվ պայքարում հաղթանակ է տարել։
Ինչեւէ, Մ. Մայիլյանն ինքն է որոշում իր անելիքը։ Բայց ահա ՀՀ-ից ժամանած սորոսական էմիսարները, ի դեմս Արսեն Խառատյանի, Մանվել Սարգսյանի եւ այլոց, օգտագործելով, այսպես կոչված՝ Արցախի հեղափոխական կուսակցության «ակտիվիստներին» (թվով 100-200 մարդ), նախագահ Արթուր Օսիպյանին՝ մեկ այլ սորոսական, ընտրությունները հայտարարում են կեղծված, պահանջում են դրանք չեղարկել, նոր ընտրություններ անցկացնել, եւ այլն։ Պահանջում են նաեւ այս պահին գործող ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը։
Բայց չէ՞ որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Այս ի՞նչ եք անում։ Հերթական անգամ կայացած, ձեւավորված պետությո՞ւն եք քայքայում։ Սորոսական lragir.am կայքը հենց օդի միջից, իր սովորության համաձայն, հոդվածներ է տպում առ այն, թե՝ ի՜նչ վատ ընտրություններ էին Արցախում... Չկա գեթ մեկ լուրջ փաստ։
Իրականում այդ ընտրությունները եվրոպական մակարդակով են անցել։ Մեկ այլ սորոսական՝ Ռ. Մեհրաբյանը, գալեմատիկ դատողություններ է անում դեմոկրատիայի ու արդար ընտրությունների շուրջ, հայտարարում, որ արդեն տեղի ունեցած ընտրությունները ոչ թե լուծել են հարցերը, այլ ծնել են նոր, չլուծված պրոբլեմներ։
Պարզվում է՝ Արցախում վստահության ճգնաժամ կա։ Արցախում ինչքան գեներալ կա, ըստ նրանց, ժողովրդին դեմ է։ Այս ընկերը նման «հոդվածների» համար հաստատ փոխհատուցում կստանա։ Իսկ Արցախի իրական շահերի վրա թքած ունի։ Մեկ այլ սորոսական՝ Հ.Խուրշուդյանը, նախագահական ընտրություններում փաստացի հաղթած մարդուն «ջեբկիր» է անվանում։ Կյանքում ոչինչ չարած, կատարյալ ձախողված տհասը սա ասում է 16 տարեկանից զենքը ձեռքին թուրքի դեմ կռված մարդուն։
Մարդ, որն իր միջոցները ներդրել է Արցախում։ Ի դեպ, միայն մի տրանսազգային խոշոր կորպորացիայի հետ ահա արդեն 20 տարի շարունակվող համագործակցության արդյունքում Ա.Հարությունյանն իր բիզնես ծրագրերը կարող էր նույնիսկ կրկնապատկել։ Հարյուրավոր մարդիկ են աշխատում այդ գործարաններում։ Դրա դեմ արդեն 20 տարի բողոքում են Ադրբեջանը եւ Հ. Խուրշուդյանը։ Հարությունյանների ընտանիքը, մինչեւ վերջին մարդը, կռվում էր թուրքի դեմ, երբ այս ջահելը Երեւանում «Սորոսի» գրասենյակի տեղն էր փնտրում։
Սիրելի հայրենակիցնե՛ր։ Մարտի 31-ին ԱՀ-ում անցկացվել են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ՝ եվրոպական չափանիշերով։ Ապրիլի 14-ին նախատեսված է ընտրությունների 2-րդ փուլը։ Կոչ եմ անում հանգիստ, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում անցկացնել այդ ընտրությունները, ձեւավորել օրինական ու կայուն իշխանություն։
Արցախի իշխանություններին կոչ եմ անում երկրից վտարել քաղաքական հյուրախաղերով երկիր ժամանած սորոսական թափթփուկներին, պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։ Ամբողջ կյանքս անցել է արցախյան ազատամարտի բովով, աշխատել եմ ուժերս ներածին չափով նեցուկ լինել Արցախի իշխանություններին։ Բայց, չգիտես ինչու, ինձ թույլ չտվեցի ընտրությունների ժամանակ խառնվել Արցախի ժողովրդի սուվերեն իրավունքներին։ Իսկապես. իմ ի՞նչ գործն է։ Բայց արի ու տես, որ սորոսականներն Արցախի ինքնիշխանության վրա թքած ունեն։ Նրանք, ինչպես եւ Ադրբեջանը, դեմ են անկախ Արցախի ընտրություններին»։