կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-21 17:09
Քաղաքական

Հայաստանը և Արցախը հաղթանակ կարձանագրեն կորոնավիրուսի դեմ պայքարում ևս. Արմեն Սարգսյան

Հայաստանը և Արցախը հաղթանակ կարձանագրեն կորոնավիրուսի դեմ պայքարում ևս. Արմեն Սարգսյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանն մարտի 21-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

«Արցախ կատարած այցելության ընթացքում ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկելու ենք այս օրերին սահմանում տիրող իրավիճակը, Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները և ներդրումների հնարավորությունները՝ մանավանդ այսօր, երբ միջազգային կապերը և տնտեսական զարգացումը բավականին խրթին են՝ կապված առկա գլոբալ ճակատամարտի հետ», -  «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը: 

«Արցախի հաղթանակած ժողովուրդը պետք է այս ճակատամարտում էլ հաղթի։ Հաղթել է ռազմի դաշտում, հաղթել է պետություն կառուցելու գործում, պետք է հաղթի նաև այս գլոբալ արհավիրքին՝ կորոնավիրուսին։ Եթե փորձեմ պարզ բառերով ձևակերպել, այն բուժող դեղամիջոցն առաջին հերթին հոգատարությունն է, որովհետև կորոնավիրուսն ազդում է նախ և առաջ առողջությամբ թույլ և տարիքով մեծ անհատների վրա։ Հետևաբար, սեր ու հոգատարություն է պետք նրանց նկատմամբ, ովքեր թույլ են և տարեց։ Երկրորդը՝ պատասխանատվություն։ Հատկապես դիմում եմ երիտասարդներին, որոնք նմանատիպ հիվանդությունն ավելի հեշտ են տանում, բայց դա չի նշանակում, որ անպատասխանատու լինելով, այդ հիվանդության հնարավոր կրողը լինելով, այն չեն կարող չփոխանցել մոտիկ և հարազատ մարդկանց։ Ուրեմն՝ հոգատարություն, պատասխանատվություն, կարգապահություն և կազմակերպվածություն։ Իհարկե, պետությունն այստեղ դեր ունի, և այդ առիթով, կարծում եմ, ժամանակ կունենանք խոսելու Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ես հաճույքով կփոխանցեմ այն փորձը, գիտելիքները, որ այս վերջին շրջանում ինքս ձեռք եմ բերել՝ տարբեր երկրների ղեկավարների, առողջապահության նախարարների, գիտնականների հետ շփումից»,- նշել է Ա. Սարգսյանը:
 
ՀՀ Նախագահն ընդգծել է, որ այդ փորձառության փոխանցումը իր պարտականությունն է համարում: «Սա մեկ ուրիշ ճակատամարտ կամ պատերազմ է, որը պետք է տանենք անտեսանելի թշնամու դեմ, որն, ընդ որում, համաշխարհային թշնամի է։ Շատ էական է, թե այդ ճակատամարտից ինչպես դուրս կգանք։ Հույս ունեմ, որ Հայաստանը և Արցախը այս մեծ մարտահրավերից դուրս կգան հաղթանակած, նվազագույն կորուստներով»,- նշել է Ա. Սարգսյանը:

Անդրադառնալով մարտի 31-ին Արցախում նախատեսվող համապետական ընտրություններին՝ նախագահ Սարգսյանը նշեց, որ իր այցելությունը որևէ կերպ կապ չունի ընտրությունների հետ և թեկնածուներից որևէ մեկի հետ հանդիպում չի նախատեսվում։ 

ՀՀ Նախագահը նշել է, որ Արցախը մեծ հաղթանակներ է տարել, և արդար, ազատ ընտրությունները կլինեն ևս մեկ հաղթանակ, այս անգամ՝ քաղաքական, և ցույց կտան բոլորին, որ Արցախի Հանրապետությունը, ամուր է, ունի կատարելապես ձևավորված կազմակերպված կառույցներ։
 
«Այս պետությունը հզոր է ոչ միայն իր փոքր, բայց կարևոր տնտեսությամբ, այլև իր բանակով և նվիրումով։ Սա նաև ժողովրդավարական ժամանակակից պետություն է, որովհետև, կարծում եմ, արցախյան հիմնահարցի լուծման ամբողջ գործընթացին կա մեկ այլընտրանք՝ ամուր, հզոր Արցախի Հանրապետությունը։ Այս ընտրությունները կարող են շատ էական և կարևոր ներդրում լինել այդ կարևոր գործին, որովհետև հաղթանակները տանում են ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև քաղաքական և միջազգային ատյաններում։ Եվ, իհարկե Արցախի Հանրապետության ապագա նախագահը և նրա գործընկերներն իրենց ուսերին պետք է կրեն նաև այդ բեռը»,- ընդգծել է Ա. Սարգսյանը: