կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-16 16:34
Հասարակություն

Արտակարգ դրության ընթացքում սահմանափակումներ են լինելու ՔԿՀ-ներում ու ՊՆ զորամասերում

Արտակարգ դրության ընթացքում սահմանափակումներ են լինելու ՔԿՀ-ներում ու ՊՆ զորամասերում

Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը՝ ՀՀ կառավարությունն արտակարգ դրություն է սահմանել երկրի ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 17:00-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 16-ը` ժամը 09:00-ն: Ստորև ներկայացնում ենք ՔԿՀ-ներում և զորամասերում սահմանված սահմանափակումները՝ ըստ կառավարության որոշման նախագծի:

1. Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`

1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը. 2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի). 3) կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:

2. Քրեակատարողական հիմնարկներում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ և պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել` 1) զբոսանքները. 2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը. 3) կալանավորված անձանց և դատապարտյալների կրթություն ստանալու իրավունքը. 4) կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքով զբաղվելը. 5) շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը. 6) պարետի ցուցումով` այլ գործունեություն:

3. Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է` 1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը. 2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են` 1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը. 2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի). 3) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը. 4) պարետի ցուցումով` այլ գործունեություն:

5. Սույն գլխի 11-13-րդ կետերով սահմանված սահմանափակումները չեն տարածվում օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ: