Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շրջաբերական է տարածել՝պատգամավորներին և ԱԺ աշխատակիցներին կոչ անելով հնարավորինս նվազեցնել ֆիզիկական հաղորդակցությունն այլ անձանց հետ և պարտականությունները կատարել առցանց:
«Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու գործում կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը։
Ուստի հորդորում եմ, որ ելնելով հանրային առողջության նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԺ պատգամավորները և աշխատակիցները հնարավորինս նվազեցնեն ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ և իրենց աշխատանքային պարտականությունները կատարեն առցանց, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած կամ որևէ ռիսկային խմբի ներկայացուցչի հետ ֆիզիկական շփումներ ունեցած գործընկերները ժամանակավորապես հնարավորինս ինքնամեկուսանան։
Կոչ եմ անում նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, հաճախակի ախտահանել ձեռքերը և ձեռքերով հաճախ հպվող առարկաները, խուսափել դեմքին դիպչելուց, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հաշվի առնելով մանկապարտեզներում և դպրոցներում դասապրոցեսի՝ վարակի կանխարգելմամբ պայմանավորված ժամանակավոր ոչ բնականոն ընթացքը, ԱԺ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր մանկապարտեզ կամ տարրական դպրոց հաճախող երեխա ունեն և իրենք են հոգում այդ երեխայի խնամքը, աշխատանքային օրվա ընթացքում ողջախոհության սահմաններում կարճատև բացակայությունների համար կարգապահական տույժեր չեն կիրառվի»:
Հիշեցնենք՝ Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 6 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։
Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։
Երեկ ևս պարզ դարձավ 2 կորոնավիրուսակրի առկայության մասին. «Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Այսպիսով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի: 88 մարդ մեկուսացվել է: