կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 12:43
Առանց Կատեգորիա

Վրաստան մուտք գործելու կանոնները խստացվում են եվրոպական մի քանի երկրից ժամանողների համար. Գախարիա

Վրաստան մուտք գործելու կանոնները խստացվում են եվրոպական մի քանի երկրից ժամանողների համար. Գախարիա

Վրաստան մուտք գործելու կանոնները խստացվում են ևս մի քանի երկրներից ժամանած քաղաքացիների համար. այս մասին հայտատարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության այսօրվա նիստի ընթացքում, նշելով, որ այդ երկրներն են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան և Իսպանիան. հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Վրաստանի բոլոր քաղաքացիները, որոնք վերադառնում ենք նշված երկրներից, կանցնեն 14-օրյա կարանտինային ռեժիմ, իսկ արտասահմանի քաղաքացիները կներկայացնեն տեղեկանք՝ կորոնավիրուսի թեստավորում անցնելու վերաբերյալ և կանցնեն 14-օրյա կարանտին:

Միևնույն ժամանակ Գախարիան նաև հայտնել է՝ ներկա պահի դրությամբ սահմանափակումներ են գործում Չինաստանից, Հարավային Կորեայից և Իտալիայից վերադարձած քաղաքացիների համար:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 12-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126.254 դեպք, որից 4.637-ը՝ մահվան, և 68.266-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում: