կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 11:05
Տարածաշրջան

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասավ 15-ի

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասավ 15-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտարարել է Վրաստանի Ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային գոտու ղեկավար Մարինա Էնդելաձեն: Երկու նոր հիվանդների մոտ կորոնավիրուսը հաստատվել է գիշերը: Նրանցից մեկը շփում է ունեցել վարակվածների հետ, մյուսը Վրաստան է ժամանել Իսպանիայից: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։

15 վարակվածներից 2-ի վիճակը ծանր է, նրանցից մեկի մոտ երկկողմանի թոքաբորբի ախտանշաններ են արձանագրվել:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 9-ի ժամը 09.03-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 110.041 դեպք, որից 3825-ը՝ մահվան, և 61.982-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: