կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-25 15:37
Իրավական

ՈՒՂԻՂ. Ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական առաջին նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը. հայտնում է Yerkir.am-ը:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա և Սերժ Սարգսյանն առերեսվել են։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դատարանի բակում էին հավաքվել ՀՀ երրորդ նախագահի աջակիցներն, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում:

Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.