Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Դաշնակցության առաջադրած նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանն ու ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ, «ARI» կազմակերպության խորհրդի անդամ Բենիամին Պչաքճյանը փետրվարի 17-ին այցելել են Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչակենտրոն, հանդիպել շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի հետ, որից հետո «Artsakh Roots Investment-ARI» հիմնադրամի միջոցներով Արցախի Քաշաթաղի շրջանի Արիավան բնակավայրում կառուցվող 12 առանձնատների շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելել Արիավան:
Դաշնակցական գործիչներին ուղեկցել են Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը եւ Աղավնոյի համայնքապետ, դաշնակցական Անդրանիկ Չաուշյանը:
«ARI» կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին, լիբանանահայ գործարարների կողմից, աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ գործարարներին համախմբելով՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանները զարգացնելու եւ Արցախում շահավետ ներդրումներ կատարելու նպատակով:
«Կազմակերպության նպատակն է աջակցել Արցախի վերաբնակեցմանը, երկարաժամկետ զարգացմանը: Իսկ Քաշաթաղը եւ Շահումյանը Արցախի այն շրջաններն են, որոնք ռազմավարական մեծ նշանակություն ունեն՝ հանդիսանալով Մայր Հայաստանի եւ Արցախի միջեւ կամուրջ, քանզի Արցախին կապող չորս ճանապարհներն այս շրջաններով են անցնում»,- ասում է Բենիամին Պչաքճյանը:
Աղավնոն Արցախը Հայաստանին կապող ռազմավարական ճանապարհի կարեւոր բնակավայրերից է, որի հիմնմանը եւ շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը «ARI» կազմակերպությունը ձեռնամուխ է եղել 2013 թվականից:
Այսօրվա դրությամբ՝ «ARI» կազմակերպության միջոցներով Արիավանում կառուցվել եւ բնակեցվել է 50 առանձնատուն: Ծրագրով նախատեսվում է Արիավանում կառուցել 150 բնակելի առանձնատուն: Այս փուլում Արիավանի Մհեր Ջուլհաճյան փողոցում ընթանում է եւս 12 բնակելի տների շինարարություն, որոնք կառուցվում են Իրանի Հանրապետությունից ներկրված թեթեւ կոնստրուկցիաներով: Ընդհանուր 80 ք/մ մակերեսով 3 սենյականոց բնակարանները կունենան բոլոր հարմարությունները:
«11 տարիների ընթացքում «ARI»-ն Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում շուրջ 7 միլիոն դոլարի ծրագրեր է իրականացրել՝ արտոնյալ պայմաններով փոխառություններ տրամադրելով ավելի քան 2000 ընտանիքների, կառուցել բնակելի տներ»,- ասում է Պչաքճյանը եւ նշում, որ Արցախում «ARI»-ի իրականացրած ծրագրերը եռակողմ փոխշահավետ ծրագրեր են, որոնցից շահում են ինչպես ներդրողները եւ շահառուները, այնպես էլ Արցախի պետությունը:
Դաշնակցական գործիչներին ուղեկցող՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը եւս բարձր է գնահատել «ARI» կազմակերպության դերակատարությունը շրջանի զարգացման գործում:
«Բնակարանաշինությունը կարեւոր է յուրաքանչյուր շրջանի զարգացման համար, իսկ վերաբնակեցվող շրջանի համար դա կենսական անհրաժեշտություն է։ «ARI» կազմակերպությունը հոգում է շրջանի կրիտիկական կարիքը՝ բնակարանաշինությունը, որը եւ վերաբնակեցման հիմնական գործոնն է: Այդ առումով, «ARI»-ին անփոխարինելի աջակցություն է տրամադրում, եւ հույս ունենք, որ կազմակերպության հետագա աշխատանքները եւս շարունակական կլինեն եւ Արիավան բնակավայը իր ամբողջական տեսքը կունենա 150 բնակարանով»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է Ստեփան Սարգսյանը:
Նշենք, որ Արիավանի 12 բնակարանները նախատեսվում է շահագործման հանձնել ամռանը:
Հավելենք նաեւ, որ «ARI» կազմակերպությունն Արցախում իրականացնում է եւս մեկ շինարարական ծրագիր՝ Քարվաճառի շրջանում բնակարանների կառուցման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է կառուցել 15 բնակելի տուն: