կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-18 17:04
Հասարակություն

Չինաստանից տարհանված ուկրաինացիները կբնակեցվեն պաշտոնյաների առանձնատներում. Զելենսկին սպառնացել է

Չինաստանից տարհանված ուկրաինացիները կբնակեցվեն պաշտոնյաների առանձնատներում. Զելենսկին սպառնացել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության ծառայության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ սպառնացել է Չինաստանից տարհանված ուկրաինացիներին անձամբ բերել այն քաղաքական գործիչների տներ, որոնք մարդկանց հորդորում են արգելափակել մարդկանց տեղակայումը առողջարաններում. գրում է korrespondent.net-ը, հայտնում է Yerkir.am-ը:

«Ես ուզում եմ դիմել մի քանի քաղաքական կուսակցությունների, որոնք ուղերձներ են հղում մարդկանց: Մենք այս տեղեկատվությունը ստացել ենք իրավապահ մարմինների միջոցով: Դիմում են մարդկանց, տեղի բնակիչներին և հրահրում են փողոցներ փակել: Եթե դուք փողոցներ փակեք, մենք մեր բոլոր քաղաքացիներին կբերենք նրանց առանձնատները»,- սպառնացել է Ուկրաինայի առաջնորդը:

Զելենսկիի խոսքով՝ որոշ լրատվամիջոցներ ապատեղեկատվություն են տարածել այն մասին, որ Չինաստանից տարհանվածներին տանում են «մի տեղ, որտեղ ամեն ինչ պատրաստ չէ դրա համար»:

Միևնույն ժամանակ նա շեշտել է նաև, որ վիրուսային սպառնալիքի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է:

Այդուհանդերձ Ուկրաինայում կարանտինի վայրը գաղտնի է պահվում: Հայտնի է միայն այն փաստը, որ նախատեսված է այնտեղ տեղավորել 100 ուկրաինացիների:  

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել: Այս պահի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 1770-ի, իսկ վարակման հաստատված դեպքերի թիվը՝ 70 548-ի: