Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու իշխանական ճամբարի նախաձեռնությունը արջի ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանի վարչակարգին՝ դրանով իսկ վտանգելով Հայաստանում սկսված եւ ընթացող սոցիալական արդարության հաստատման գործընթացը: Այս մասին հայտարարություն է տարածել «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը. հայտնում է Yerkir.am-ը:
«Ինչու՞ բոյկոտել ապրիլի 5-ի հանրաքվեն
ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու իշխանական ճամբարի նախաձեռնությունը արջի ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանի վարչակարգին՝ դրանով իսկ վտանգելով Հայաստանում սկսված եւ ընթացող սոցիալական արդարության հաստատման գործընթացը:
Հանրաքվեն միաժամանակ անընդունելի է ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական, ե՛ւ գործնական առումներով:
Ապրիլի 5-ը անընդունելի է բարոյական առումով
Բարոյական առումով հանրաքվեն անհեռանկար է, որովհետեւ այն ծառայում է սպիտակների եւ սեւերի պայքարի մանր հաշիվներին: Այսպես կոչված՝ սեւերից սահմանադրական դատարանը վերցնելով՝ այսպես կոչված՝ սպիտակները ցանկանում են իրենց վերահսկողությունը հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների վրա: Նման գործելաոճը բարոյապես անընդունելի է, եւ հետեւում է ամբողջատիրական սովորույթներին՝ Սահմանադրությունը ծառայեցնելու իշխող վարչախմբին: Հիշենք, որ Սերժ Սարգսյանի վարչակարգը տապալվեց Սահմանադրությունը ժողովրդի դեմ օգտագործելու արդյունքում:
Ապրիլի 5-ը անընդունելի է իրավական առումով
Ըստ ՀՀ Սահմանադրության պահանջների, Սահմանադրության փոփոխության իրավական ակտերի նախագծերը Ազգային Ժողովը ներկայացնում է սահմանադրական դատարանի հաստատմանը: Ապրիլի 5-ի հանրաքվեն հակաօրինական է եւ հակասում է ՀՀ Սահմանադրությանը (Սահմանադրության 168-րդ հոդվածի երկրորդ կետին, 169-րդ հոդվածի 2-րդ մասին, սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին):
Ապրիլի 5-ը անընդունելի է գործնական առումով. այն աշխարհաքաղաքական եւ սոցիալական նման իրավիճակում խոցելի է դարձնում մեր երկիրը ներսից եւ դրսից:
Կոչ ենք անում
ՀՀ Ազգային Ժողովին, Կառավարությանն ու Նախագահին՝ հետ կանգնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու սխալ ճանապարհից:
ՀՀ քաղաքացիներին՝ բռնել պետականության, իրավականության, ժողովրդավարության եւ համերաշխության ճանապարհը, բոյկոտել ապրիլի 5-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն»,- ասված է հայտարարությունում: