Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ստորագրել է հրամանագիր` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հրամանագրում նշված է.
«Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմից պարզաբանում էին տարածել, որում նշել էին, մեջբերում ենք.
«Համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:
Հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»,- նշված է պարզաբանման մեջ: