կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 11:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նվիրաբերված տեխնիկան «պատահաբար» հայտնվում է պաշտոնյայի դաչայում․ Ն․ Զոհրաբյան

Եթե հասարակության մոտ տպավորություն կար, որ նվիրատվությունները գաղտնի են պահվում, մենք այս օրենքի նախագծով սահմանեցինք, որ նվիրատվություն ստանալու դեպքում համայնքները պարտավոր են մեկ շաբաթվա ընթացքում դա հաստատել ավագանու նիստով , իսկ նվիրատվության մասին տեղեկատվությունը հրապարակել կայքում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ ԱԺ-ում ներկայցնելով մի օրինագիծ, որը փորձում է կանխարգելել հայտնի գործարարի՝ Երևանի քաղաքապետարանին նվիրած կամազների դիմաց շինթույլտվություն ստանալու կասկածները։

«Իսկ եթե կան փոքրիկ համայնքներ, որոնք կայք չունեն, փոքրիկ ցուցանակների վրա փակցնեն, որպեսզի նվեր տվող կազմակերպությունն այլևս անբարո համարի դրանից հետո որևէ արտոնություն ստանալ համայնքից»,-նշեց Բագրատյանը։

Նա, սակայն, տարանջատեց նվիրատվությունն ու նվիրաբերությունը․ ասաց, որ նվիրաբերության դեպքում ընդունելու հարցը ավագանու նիստի կարող են չդնել, քանի որ նվիրաբերությունը դա նպատակային նվիրատվությունն է և եթե, ասենք, աղբահավաք մեքենա է նվիրաբերվել, քիչ է հավանականությունը, որ համայնքապետը կօգտագործի սեփական կարիքների համար։

Երկու մտահոգություն հայտնեց դարձյալ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․ «Ձեր պայծառ լավատեսությունը, պրն․ Բագրատյան, չեմ կիսում և կուզենայի, որ կամազներն էլ, բելազներն էլ, ձյուն մաքրող մեքենաներն էլ անպայմանորեն անցնեին ավագանու նիստով։ Դուք ասում եք՝ չի կարող հայտնվել քաղաքապետի տանը, ես էլ ասում եմ՝ կարող է, որովհետև արդեն ունեցել ենք տենց տխուր պատմություններ, որ նվիրատվություն արված ինչ-որ մի տեխնիկա «պատահաբար» հայտնվել է այս կամ այն պաշտոնյայի դաչայում։ Համաձայն չեմ ձեզ հետ, որ միայն դրամական նվիրատվությունը հաստատվի ավագանիով, կարծում եմ՝ ձեր նշած կամազները, բելազները, զիլերը, պաբեդաները՝ ամեն ինչը անպայմանորեն պիտի հաստատվեն ավագանու կողմից, որպեսզի լինի իրական պատասխանատվություն»։

Նրա համար նաև անհասկանալի էր՝ ինչպես կարող են այս չարաշահումները բացառվել, եթե հրապարակվի կայքում․ «Ուզում եմ կապը բացատրեիք․ մարդ կա՝ իր համար մեկ է՝ որտեղ ուզում ես հրապարակիր, եթե դա արվել է, որ հետագայում ակնկալի արտոնություն, մեկ է՝ դա անելու է»։

Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ այլ ճանապարհով պետք է գնալ՝ մշակել այնպիսի օրինագիծ, որ նվիրատվություն անողը տեսանելի ժամանակում քաղաքում որևէ տեղ շենք կառուցելու կամ օբյեկտ կառուցելու համար հող կամ այլ արտոնություններ չստանա։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ նվիրատվությունները թափանցիկ դարձնելու ևս մեկ օրինագիծ Աժ առաջին ընթերցմանն է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․