«Ժնևում բովանդակային բանակցություններ են ընթանում ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով նախօրեին Ժնևում կայացած Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների օրակարգին:
Դավիթ Շահնազարյանն ասաց, որ Ժնևում ընթանում են բովանդակային բանակցություններ, քննարկվում է հարցերի լայն շրջանակ: «Դրանցից առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ժնևում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Համանախագահների հետ հանդիպմանը հաջորդեց Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, որը շարունակվեց շուրջ 7 ժամ: ՀՀ ԱԳՆ-ի համաձայն, նախարարների հանդիպումը շարունակվելու է նաև այսօր:
Հարկ է նշել, որ, լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգի և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ հանդիպմանը դեսպանին է փոխանցվել ադրբեջանական համայնքի հիմնական ցանկություններն ու պահանջները՝ մասնավորապես, «իրենց տարածքները վերադառնալու, խախտված իրավունքները, այդ թվում՝ գույքային, վերականգնելու» վերաբերյալ: Մամուլի հրապարակումների համաձայն, դեսպան Լիտցենբերգն ասել է, որ ուշի ուշով հետևում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գործունեությանը: