կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-09 21:28
Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐ. Կանադայի ՀՅԴ հնագույն կոմիտեում Իշխան Սաղաթելյանը նկարել է Գարեգին Նժդեհի մասին հետաքրքիր մի վկայություն

ԼՈՒՍԱՆԿԱՐ. Կանադայի ՀՅԴ հնագույն կոմիտեում Իշխան Սաղաթելյանը նկարել է Գարեգին Նժդեհի մասին հետաքրքիր մի վկայություն

1906 թվականին Կանադայի Սենթ Քաթրիզ բնակավայրում Խարբերդի գյուղերից եւ Վանից  գաղթած 40 պանդուխտ ընկերների հիմնադրած ՀՅԴ «Անդրանիկ» կոմիտեությունում, որը հնագույնն է Կանադայում,  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լուսանկարել է արխիվային մի փաստաթուղթ, որում արձանագրված է Գարեգին Նժդեհի մասնակցությունը նիստերից մեկին և նրա կոչն ու պատգամը երիտասարդ դաշնակցականներին`հայտնում է Yerkir.am-ը:

Իշխան Սաղաթելյանի լուսանկարած փաստաթուղթը թվագրված է 1934  թ-ի հուլիսի 24-ով և նշված է, որ այն  ՀՅԴ «Անդրանիկ»  կոմիտեության գումարած 18-րդ նիստի ատենագրությունն է:

«...Այս ժողովին ներկայ էր Ընկ. Գարեգին Նժդեհ, որ ժամ մը տեւած իր շինիչ թելադրութոյններով բնորոշեց հաւատաւոր դաշնակցականի մը պարտավորություններն ու գործելաձեւը կուսակցութեան շարքերում։ Կոչ արեց մեր բոլորին, որ նախ եւ առաջ անկեղծ, հարգալից, եւ խիստ կարգապահական ոգի ցույց տանք միմյանց հանդէպ, որպեսզի կուռ շարքերով, ամուռ հաւատքով, եւ երանելի խանդավառությամբ շարունակենք մեր վրայ պարտադրուած պայքարը, եւ յաղթական դուրս գանք նրանից։ Ընկ. Նժդեհի պատգամները վերջացան յոտնկայս ծափերով, որից յետոյ Ընկ. Նժդեհ ուխտը կատարեց ՀԵԴ Քաջ Գէւորգ Ցեղակրօն ուխտին։ Ժողովը փակուեցաւ երեկոյեան ժամը 11-ին, խանդավար աննախադէպ տրամադրութեամբ»,-նշված է նիստի արձանագրության մեջ:

Ի դեպ, ՀԵԴ-ը` Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը, որը հիմնադրել է Նժդեհը, ՀՅԴ ուղեգծի վրա էր և ժամանակի ընթացքում վերաճեց  ՀՅԴ երիտասարդական կառույցի: