Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ձեռնարկատիրական կրթության զարգացմանը, մասնավորապես, բուհերում դիզայն մտածելակերպի ներդրման արդյունավետությանը նվիրված երկօրյա աշխատաժողով է տեղի ունեցել Աղվերանում՝ «Ձեռնարկատիրական կրթության քաղաքականության երկխոսություն» թեմայով՝ Yerkir.am-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը տեղեկացրել է, որ հանրակրթական ծրագրերում ներառված են ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության թեմաներ, որոնք ինտեգրված են տարբեր առարկաների ծրագրերում և դասավանդվում են դպրոցներում: ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսական կրթության ծրագրի ներդրման նպատակով համագործակցում է ՀՀ կենտրոնական բանկի հետ, մասնավորապես, դասավանդող ուսուցիչների համար իրականացվել են համատեղ վերապատրաստման դասընթացներ:
Նախարարի տեղակալ Լ. Առաքելյանը նշել է, որ ֆինանսական կրթություն է իրականացվում մոտ 750 հանրակրթական դպրոցներում, և արդեն վերապատրաստվել է մոտ 4000 ուսուցիչ:
«Ֆինանսական կրթության դասավանդումը սկսվել է Երևանից, սակայն այժմ ծրագիրն իրականացվում է նաև բազմաթիվ մարզային դպրոցներում: Ձեռնարկատիրական կրթության դասավանդումն իրականացվում է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում` երկրորդ դասարանից սկսած` «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», «Տեխնոլոգիա» առարկաների շրջանակում: Նշված առարկաների կրթական ծրագրերում ներառված են ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող թեմաներ և այս ծրագրի շրջանակում մինչ այժմ վերապատրաստվել է 8000-ից ավել ուսուցիչ»,- նշել է Լ. Առաքելյանը` հավելելով, որ կատարվածին զուգահեռ մշակվում են նաև նոր ծրագրեր` ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության զարգացման նպատակով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի պետական բյուջեի հատկացումներում, ինչպես իր խոսքում նշել է նախարարի տեղակալը, մոտ 134 մլն դրամ գումար է նախատեսվել ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության թեմաներով՝ հեռուստաֆիլմերի և հաղորդումների պատրաստման համար: Դրանք իրականացվելու են մրցութային եղանակով:
«Ձեռնարկատիրական կրթության քաղաքականության երկխոսություն» աշխատաժողովը կազմակերպել է Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակը` համագործակցելով Ամերիկյան համալսարանի հետ «Ստեղծարար միտք. պատրաստվի´ր նորարարության, Հայաստա´ն» ծրագրի շրջանակում: Ծրագրի ղեկավար Արման Առաքելյանի տեղեկացմամբ 18-35 տարեկան երիտասարդների համար 2019 թ. ընթացքում իրականացվում են մի շարք սեմինարներ` նպատակ ունենալով աջակցել ստեղծագործ ու նորարար երիտասարդներին ձեռնարկատիրական նախաձեռնություններում: