Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սննդի մատակարարման նոր կարգը ներդրվել է մոտ երեք տասնյակ զորամասերում՝ այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Վարչապետ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ սննդի մատակարարման պիլոտային ծրագրի գործընթացում այս պահին ներգրավված են մասնավոր 4 կազմակերպություններ, որոնց թիվը հաջորդ տարի շարունակելու է ավելանալ: Նախարարն ընդգծել է, որ ծրագրի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք և անդրադարձել պիլոտային ծրագրի ընթացքին, մատուցվող ծառայությունների հետ կապված առկա խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին և հնարավորություններին:
Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Մակար Ղամբարյանը, սննդի մատակարարման նոր կարգում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչները և այլ պատասխանատուներ:
«Ինչպես պայմանավորվել ենք, այսօր ևս պետք է քննարկենք մեր բանակին սննդի մատակարարման նոր կարգի հետ կապված հարցերը: Ինչո՞ւ ենք այսքան հաճախ քննարկում, որովհետև չափազանց կարևորում ենք այս պրոցեսը: Մեզ համար, կառավարության համար այն ունի շատ կարևոր նշանակություն, որպեսզի այս պրոցեսը հնարավորինս սահուն ընթացքով ընթանա և, ի վերջո, կայանա, որովհետև թույլ տվեք ասել, սա, ըստ էության, հեղափոխական նշանակության փոփոխություն է Զինված ուժերում՝ բանակում, և այդ փոփոխությունը, կարծում եմ, էականորեն փոխելու է զինծառայության գրավչությունը և բարելավելու է մեր բանակի իմիջը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:
Բայց հասկանալի է, որ այսպիսի մասշտաբային բարեփոխումները նաև շատ լուրջ և զգույշ ուղեկցման կարիք ունեն, որպեսզի մենք հընթացս մեր մատը զարկերակի վրա պահենք և փոփոխություններին տիրապետենք: Իհարկե, Պաշտպանության նախարարի հետ մեր մշտական քննարկումների օրակարգում է այս հարցը և նաև այսպիսի ֆորմատներով քննարկումները չափազանց կարևոր են, որպեսզի մենք պրոցեսը բնականոն հունով տանենք առաջ և կարողանանք մաքսիմալ տեղավորվել այն ժամանակացույցի մեջ, որն ի սկզբանե մենք մեր առաջ դրել ենք և ձևակերպել»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը կարևորել է գործընթացի թափանցիկ կազմակերպումը և որակյալ սննդի մատակարարումը Զինված ուժերին՝ ընդգծելով, որ պետք է բացառել որևէ չարաշահում. դրանց առկայության դեպքում մոտեցումը լինելու է չափազանց խիստ: «Սա նախադեպը չունեցող գործընթաց է, հաշվի առնելով նաև այս ծրագրի սոցիալական բաղադրիչը՝ մեր վերաբերմունքը գործընթացին պետք է լինի առավելագույնը թափանցիկ: Մենք այս ծրագիրը համարում ենք առաջնահերթություն և պետք է մինչև վերջ լինենք ծայրահեղ ազնիվ՝ զինծառայողներին որակյալ սննդով ապահովելու խնդիրը լուծելու մեջ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հանձնարարել է հետևողականորեն աշխատել առկա խնդիրների լուծման և սահմանված ժամկետներում ծրագիրն ամբողջական ու լիարժեք ներդնելու ուղղությամբ: