Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վազգեն Մանուկյանի կողմից նախօրեին հրավիրված ֆորումը աշխուժացրեց ներքին քաղաքական կյանքը և նոր էներգիա հաղորդեց օրակարգազերծ ներքաղաքական դեբատներին. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ իր ֆեյսբուքյանէջում նման գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Հատկապես ակտիվ են իշխանական և մերձ-իշխանական քարոզիչները, որոնք արդեն քանի օր չեն դադարում քննարկել այդ համաժողովը: «Վերնատան» հայտնվելը ներքին քաղաքական կյանքում առանձնահատուկ կարևորվեց այն իմաստով, որ իշխանությունն ու նրա հովանավորները հնարավորություն ստացան արխիվից հանել հին նոտաները և մեծ երգչախմբով կատարել արդեն մոռացության մատնված «ռետրո»ոճի երաժշտությունը:
Եթե հիշում եք, վերջերս մի հրապարակում էի արել «հերոսի»և «հակահերոսի» մասին, որտեղ պարզ և մատչելի լեզվով բացատրել էի, որ «հերոսները» ձևավորվում են բացառապես «հակահերոսների» գոյության պայմաններում: Հայկական իրականության մեջ տեղավորելով կարելի է հաստատապես պնդել, որ Նիկոլ Փաշինյան հերոսը» ձևավորվել և կայացել է բացառապես Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան «հակահերոսների» գոյության պայմաններում: Եթե նրանք չլինեին, ապա Նիկոլ Փաշինյանը, իր ամբողջ ներուժով, հազիվ կարողանար «Հայակական Ժամանակ» խմբագրել, ոչ ավելին:
Նաև նշել էի, որ հերոսը դադարում է լինել հերոս, եթե վերանում է հակահերոսը: Հետևաբար հերոսի, տվյալ պարագայում, Նիկոլ Փաշինյանի, գերխնդիրն է առավելագույնս երկար կենդանի պահել հակահերոսներին և նրանց ֆոնին պահպանել ու ամրապնդել իր դիրքերը իշխանության և հասարակության ներսում: Իսկ հակահերոսները առիթը բաց չեն թողնում դա Փաշինյանին անելու լրացուցիչ հնարավորություն տալու համար:
Եթե նկատել եք, վերջին մի քանի ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, հակահերոսների պասիվության պայմաններում, մնացել էր մենակ իր հետ, մոլորվել էր, կորցրել թիրախները, իրեն դրել խառնաշփոթի մեջ, և թույլ էլ տալիս սխալը սխալի հետևից: Արդյունքում նա բացահայտեց իր իրական դեմքը և մեր ժողովուրդը հնարավորություն ստացավ տեսնել իրական Նիկոլին` արդեն առանց «բեթմենի» թիկնոցի:
Եթե ևս մի քանի ամիս ձգվեր այս իրավիճակը, ապա մեր ժամանակների «հերոսը» ուղղակի «կմահանար»` հակահերոսի բացակայության պայմաններում և նրանից կմնար միայն մեզ բոլորիս հայտնի Նիկոլը` իր զրպարտող հոդվածներով և դատարկ մանիպուլյացիաներով:
Փաշինյանին օդ ու ջրի պես պետք էր նոր հակահերոս, որին հնարավոր կլիներ նույնացնել ավանդական դարձած հակահերոսների հետ և հագնելով «բեթմենի» թիկնոցը, մեր պարագայում կամուֆլյաժն ու «դուխով» գլխարկը, լծվել «ազգափրկիչ» գործին:
Վազգեն Մանուկյանի դեմ կազմակերպված արշավը սադրանք էր, լավ մշակված մի ծրագիր, որի նպատակն էր նրան մղել քաղաքական ընդդիմադիր գործունեության և նրանից կերտել «հակահերոսի» նոր կերպար: Նա ամբողջովին տեղավորվում էր այս կերպարի մեջ և բավարարում էր հակահերոսի համար սահմանված հիմնական չափանիշներին:
(Չենք մոռանում 1996թ. նախագահական ընտրությունները . . . .)
Ծրագիրն աշխատեց և Հայակական քաղաքականության փորձառու հնաբնակները չդիմացան այս գայթակղությանը և երկու ոտքով ընկան իշխանության հյուսած թակարդը: Նրանք հրավիրեցին մեծ համաժողով, որին, բացի պրոֆեսիոնալ ու բանիմաց մարդկանցից, ակտիվորեն մասնակցում էին նաև ավանդական դարձած հակահերոսների հետ սերտորեն ասոցացված անձիք:
Փաշինյանին մնում էր միայն ավարտել ծրագիրը, այն է հնարավորինս լայնորեն լուսաբանել այս միջոցառումը և տեսախցիկը ուղղել հակահերոսների ուղղությամբ և հեռարձակել բանախոսների միայն իրենց համար շահեկան` հակահերոսության տարրեր պարունակող խոսքերը:
Հանրային հեռուստաընկերության ներկայությունն այս համաժողովին իշխանական քարոզիչները ներկայացրեցին որպես իշխանության կողմից ազատ խոսքի խրախուսման քաղաքականություն, սակայն միայն սակավամիտը կարող է կարծել, որ Հանրայինում և այլ իշխանական ու մերձիշխանական քարոզչական գործիքներում կարող են հայտնվել իրական և Փաշինյանի համար վտանգ ներկայացնող ընդդիմադիրներ: Այդ համաժողովին իշխանական լրատվամիջոցների ներկայությունը հրահանգավորված էր մեկ կենտրոնից, իսկ նպատակը ոչ մի աղերս չուներ ազատ խոսքի հետ, քանի որ այս իշխանության համար ազատ խոսքը դա հայհոյանքի ու ատելության բառապաշարի ազատ արտահայտման հնարավորությունն է, որը չպետք է սահմանափակվի:
Փաշինյանին, որպես իրական կյանքում ձախողված քաղաքական առաջնորդի և պետական գործչի, շտապ կարգով պետք էր վերադառնալ իր հաջողված վիրտուալ կերպարին` հերոսին, իսկ դրա համար, ինչպես արդեն ասեցի, պետք էր կամ վերակենդանացնել ավանդական «հակահերոսներին»` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, կամ էլ փնտրել և գտնել նոր հակահերոսներ: Ավանդական հակահերոսների վերակենդանացման խնդիրը, որ դրել էր իր առջև Նիկոլ Փաշինյանը, ի սկզբանե անիրական էր ու անհավանական, սակայն նորը փչել դեռ հնարավոր էր: Այս իրավիճում «Վերնատան» հավաքն «Արմենիկումի» նոր դոզա էր կոնվուլսիաների մեջ գտնվող հերոսի համար, ինչից նա բավական հմտորեն օգտվեց:
Մյուս կողմից սա շատ լավ դաս էր իրական հակահերոսներին` նախկին իշխանություններին, հասկանալու համար, որ իրենց ցանկացած ակտիվություն միայն ուժեղացնում ու կենսունակ է դարձնում քաղաքական «մահվան» դատապարտված «հերոսին» և, հույսով եմ, այսուհետ կցուցաբերեն առավելագույն զգոնություն և զերծ կմնան անհարկի ակտիվությունից: Եթե, իհարկե, իրենց առջև խնդիր չեն դրել հավերժացնել «մեր ժամանակի հերոսների» իշխանությունը . . .
Այսպիսով, որքան էլ «Վերնատան» հայտնվելը նոր կենսական ուժ ու էներգիա տվեց հերոսին, սա չլուծեց, իր` հերոսի, «մահանալու» խնդիրը: Նա հիվանդ է անբուժելի հիվանդությամբ` պոպուլիզմով, և դատապարտված է, հերոսը պետք է «մահանա», քանի որ ինքն իրականում հերոս չէ, մարդ է, Մելի պես սովորական մարդ: Հերոսը «կմահանա», իսկ մարդը կապրի, միգուցե ոչ Հայաստանում, բայց կապրի, քանի որ աշխարհն իր տունն է, իսկ ինքը` աշխարհի քաղաքացի:
Հ.Գ. Իսկ մարդը «I will survive» երգից բացի ստիպված կլինի լսել նաև «One way ticket» հայտնի հիթը»: