|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի խնդրահարույց դրույթներին իշխանությունների՝ մատների արանքով նայելը ստիպեց երիտասարդներին փողոց դուրս գալ և պահանջել նախարարի հրաժարականը: (Անշուշտ, հրաժարականի պահանջը պայմանավորված է նաև մի շարք այլ ոչ պակաս խնդրահարույց քայլերով):
Մասնագիտական շրջանակների կողմից հնչեցվող ահազանգերը, ցավոք, կա՛մ անարձագանք մնացին, կա՛մ հեգնանքի արժանացան օրենքի նախագիծը նախաձեռնողների կողմից: Մինչդեռ պետք էր առարկայական քննարկում անցկացնել: Սակայն կառավարությունը գնաց այլ ճանապարհով և փորձեց հասարակության միտքը շեղող փորձված հնարքներ կիրառել: Ակնհայտ է, որ այս դեպքում ԿԳՄՍ նախարարը չկարողացավ շեղել հասարակությանը: Փոխարենը վարչապետը փորձեց որոշ պարզաբանումներ մտցնել օրենքի նախագծի վիճարկվող դրույթների մասին:
Փորձենք մի փոքր դիտարկում անել բուհական համակարգում հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդման պարտադիր բաղադրիչը հանելու և բուհերի հայեցողությանը թողնելու՝ կառավարության պնդումների վերաբերյալ: Այն պնդումները, թե հայոց պատմությունը, լեզուն և գրականությունը դասավանդվում են դպրոցում և կարիք չկա դրանք պարտադրել նաև համալսարաններին, չի հիմնավորվում կամ հիմնավորվում է խոցելի փաստարկներով:
Հայաստանում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն ավելի շատ դաստիարակչական գործառույթ է իրականացնում: Բուհերի ուսանողները հայագիտական այդ առարկաների միջոցով իրենց աշխարհայացքն են ձևավորում: Կարծում եմ՝ կարիք չկա պնդելու, թե ազգային աշխարհայացք ձևավորելու գործում ինչպիսի կարևոր նշանակություն ունեն ազգային լեզվի, գրականության, պատմության ուսումնասիրությունը: Բացի ազգային աշխարհայացքից, նաև հասարակական զարգացումների գործընթացը ճիշտ ընկալելու համար է օգտակար հայոց պատմության դասավանդումը: Բուհում լեզվի ժամին խոսքի մասերը սովորելուց ավելի շատ ուսանողը զարգացնում է իր հայերեն լեզվամտածողությունը, պատմության ժամին պատմական տարեթվեր յուրացնելուց ավելի շատ վերլուծում է մեր քաղաքական անցյալի դասերը:
Աշխարհի առաջատար բուհերի հետ համեմատություն անելու մեթոդաբանությունը սխալ է: Բրիտանական և ամերիկյան բուհերում հայրենական պատմության կամ անգլերեն լեզվի դասավանդման խնդիր կարող են չունենալ, որովհետև ինքնության պահպանման խնդիր չունեն: Անգլերենը դարձել է նվաճող լեզու: Համաշխարհային պատմությունը գնալով լուրջ մասով վերածվում է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պատմության:
Մի խոսքով՝ երիտասարդների պահանջն արդարացի է, սակայն հնարավոր վտանգները դիմագրավելու, մրցակցային կրթական համակարգ ունենալու համար նախարարի հրաժարականը քիչ է: Պետք է հասարակության միտքը չշեղող առարկայական բազմաշերտ քննարկում սկսել: Անհրաժեշտ է վերարժևորել հայոց պատմության, լեզվի և գրականության դասավանդումը բուհերում:
Խաչատուր Ստեփանյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին կից կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախմբի նախագահ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս, պ.գ.դ., պրոֆեսոր