կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-07 21:13
Հասարակություն

Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան

Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան

Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Օհանյանը Երևանում մասնակցելու է «WCIT-2019»   տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ անհամբերությամբ սպասում է համաժողովին մասնակցությանը:

«Այն կարևոր խոշոր միջոցառում է, որն անցկացվում է Երևանում: Աշխարհի շատ երկրներից գալիս են Հայաստան հենց այս միջոցառմանը մասնակցելու համար»,-ասաց Ալեքսիս Օհանյանը: Լրագրողները հետաքրքրվեցին նրա առաջիկա ծրագրերով՝ կապված Հայաստանի հետ: Ի պատասխան լրագրողների հարցին՝ Ալեքսիս Օհանյանը նշեց, որ համաժողովին ծանոթանալու է համագործակցության հնարավորություններին: Նա ընդգծեց, որ Հայաստանում տաղանդավոր մասնագետներ կան, ովքեր կան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ առաջընթաց են գրանցել, ինչը ողջունելի է:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ալեքսիս Օհանյանի դուրսը խոսում է հայերեն:

«Ոչ, ես ինքս եմ դժվարությամբ խոսում, գիտեմ մի քանի բառ միայն. «շնորհակալ եմ», «չէ», «այո»…շատ եմ ափսոսում, որ չեմ հասցրել  ավելի լավ իմանալ»,-ասաց նա: Այն հարցին, թե երբ է Ալեքսիս Օհանյանը պլանավորում Հայաստան գալ իր ընտանիքի հետ, նա նշեց, որ իր կինը շատ հագեցած օրակարգ ունի, բայց հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին կկազմակերպեն: 

Համաժողովին մասնակցելուց զատ, մայրաքաղաքում նախատեսված է նաև նրա՝ «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։