Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի համար աննախադեպ է, երբ երկրի վարչապետը հայտվում է շատ մեծ երկրում ու, վարկաբեկելով նախկին նախագահին, ասում, թե նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցված, այնինչ՝ հետո ՀՔԾ-ն հայտարարություն է տարածում, որ Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել:
«Պատասխանատվության զգացում չունենալ ու նման բան հայտարարել՝ առաջինի, միակի ու աննախադեպի մոլուցքով տարված լինելու վկայությունն է»,- Yerkir.am-ի զրույցում նշեց նախկին պատգամավորը:
«Մեծ երկրների համար մենք այսօր որևէ արժեք չենք ներկայացնում, նույնիսկ մեր անունը չի տրվում կարևոր միջոցառումների ժամանակ, մենք մեկուսացվել ենք: Բայց տարիներով աշխատել ենք մեր հեղինակությունը բարձրացնելու վրա, ինչն այսօր սրընթաց կերպով անկում է ապրում: Շատ անգրագետ ու պրիմիտիվ ձևով վարչապետը խմբագրում է ոչ թե իր թերթը, այլ երկիրը, ինչը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ: Եվ այն մարդիկ, որ անտեղյակ են, շատ չեն կարդում, պակաս տեղեկացված են, չգիտեն իրականությունը, իմ ասածների հետ կարող են չհամաձայնել, վատատես անվանել ինձ: Բայց իմ բոլոր ասածներն իրական մտահոգություն է: Մենք մտահոգված ենք թե՛ մեր երեխաների ապագայով, թե՛ Արցախի ապագայով, թե՛ այն ամենով, ինչ կատարվում է Հայաստանում»,- նշեց նա:
Ըստ Կարինե Աճեմյանի՝ աննախադեպ է նաև Ազգային ժողովի՝ ընդդիմություն չունենալու հանգամանքը: Ասաց՝ «ընդդիմությունը» ծառայում է Նիկոլ Փաշինյանին ու նրա շահերին:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե նախկինում ՀՀԿ-ին էին մեղադրում գրպանային ընդդիմություն պահելու մեջ, այժմ, փաստորեն, իրավիճակը պրոյեկտվել է «Իմ քայլը»-ի վրա, նախկին պատգամավորն արձագանքեց՝ իրենց ժամանակ ընդդիմության խոսքը լսելի է եղել, անխտիր բոլոր հարցերում իրենց հետ ձեռք չի բարձրացրել ու համաձայնել:
«Այսօր, սակայն, խորհրդարանում որևէ մեկը որևէ բանի չի ընդդիմանում: Կենդանիների իրավունքներ են քննարկում՝ այն դեպքում, երբ մարդկանց իրավունքները խախտվում են զանգվածային կերպով, հայտարարություն են անում՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Ձևական էլ չէ այդ ընդդիմությունը, ուղղակի պետք է ասեն՝ ընդդիմություն չեն: Չնայած չեմ բացառում, որ, հնարավոր է, վախ ունեն, թե հնարավոր է ինչ-որ ռեպրեսիվ գործողությունների ալիք կարող է սկսվել, ու ցանկացած մեկը կարող է անազատության մեջ հայտնվել»,- նշեց նա:
Կարինե Աճեմյանի համար ամենաահավորը Նիկոլ Փաշինյանի անկանխատեսելիությունն է: «Հախուռն, էմոցիոնալ գործիչ է: Որ պահին ինչն իրեն դուր չի գալիս, ինչ ձևով ուզում՝ արձագանքում է: Իսկ «թավշյա հեղափոխությունը» ոչ թե նրա, այլ նախկին իշխանության, նախկին ղեկավարի մեծ իմաստության ձեռքբերումն է»,- ամփոփեց նա: