|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱԳՆ-ից:
Զոհրաբ Մնացականյանը և Ժան-Բատիստ Լըմուանն անդրադարձ կատարեցին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի: Երկուստեք դրական գնահատվեցին Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարձր և բարձրագույն մակարդակով պարբերական փոխայցելությունները և շփումները, որոնք նոր լիցք են հաղորդում արյդունավետ երկխոսության և բազմաոլորտ համագործակցության զարգացմանը։
Հանդիպման օրակարգում էին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերը։ Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը կարևորեցին համագործակցության իրավական հենք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց մարդկանց միջև շփումների խթանումը և մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հոկտեմբերին Մոնակոյում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի օրակարգի և հաջորդ տարի Կազմակերպության 50-ամյակին նվիրված միջոցառումների շուրջ։ Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունն իր նպաստը բերելու ՖՄԿ առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և ֆրանկոֆոն արժեքների տարածման գործում։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ արտգործնախարարը զրուցակցին տեղեկացրեց օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին և իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի առնչությամբ: