|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրել է վարչության նիստ, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստից առաջ ազգային ժողովին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել՝ ինչ հարցեր են քննարկվելու նիստի ընթացքում, որովհետև հստակ օրակարգ չկա: «Ես չեմ կարող նաև ասել՝ ինչ հարցեր կհնչեցվեն իմ կողմից, բայց, համենայնդեպս, վարչության նիստի օրակարգի վարողը կհայտնի և կիմանանք՝ ինչ հարցեր կան օրակարգում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մակունցը:
Հարցին՝ ուժային երկու կառույցների ղեկավարների հրաժարականները ի՞նչ են նշանակում, Մակունցը նշեց, որ կան բնականոն գործընթացներ և միայն այդ տիրույթում կարող է ասել: «Իսկ թե ինչն է հիմք հանդիսացել, որ մի պաշտոնյան մեկ այլ պաշտոնյայով փոխարինվի, չեմ կարող ասել, բնականոն գործընթաց է: Ամեն դեպքում պաշտոնները հավերժ չեն»,- նկատեց խմբակցության ղեկավարը:
Հարցին՝ իր հրաժարականի խոսքում ի՞նչ մեսիջներ էր հաղորդում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Պարոն Վանեցյանը հաջորդ օրն արել է այլ հայտարարություն և մեկնաբանել է, հավելյալ մեկնաբանել չեմ կարող»:
Ինչ վերաբերում է հարցին, թե Վիլեն Գաբրիելյանի անունն է շրջանառվում նոր ոստիկանապետի պաշտոնում, խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ այդ մասին իրազեկվել է մամուլից: