կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-16 16:48
Քաղաքական

Վանեցյանի հրաժարականը Փաշինյանին ծանր վիճակի մեջ դրեց. քաղաքագետ

Վանեցյանի հրաժարականը Փաշինյանին ծանր վիճակի մեջ դրեց. քաղաքագետ

Վարչապետ դառնալու օրվանից Նիկոլ Փաշինյանի հայտարությունները եղել են հակաօրինական, պետական ինստիտուտների դեմ, անպատասխանատու, և Վանեցյանը, երևի, արդեն չի ցանկացել իր վրա վերցնել դրանց հետևանքները. Yerkir.am-ի հետ հարցազրույցում այսպիսի դիրքորոշում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի հրաժարականը:

Նա վկայակոչեց Վանեցյանի հայտարարությունը, թե՝ իբրև սպա, այլևս չի ցանկանում կատարել հախուռն, իրարամերժ, պետության շահերի դեմ հրահանգներ և ասաց, որ Փաշինյանի կողմից այդպիսի հրահանգներ հնչել են անընդհատ: Քաղաքագետը, իբրև օրինակ, հիշեցրեց դատարանների ելումուտը փակելը. «Դա նոնսենս էր, որի հետ կապված՝ հետագայում կարող է նաև քրեական գործ բացվել, և էլի բազմաթիվ հրահանգներ: Հիմա ինձ թվում է՝ ուժային կառույցների՝ ասֆալտին պառկեցնելու հրահանգը և այլն, բոլորը քրեական գործեր են, և Վանեցյանն արդեն այդ ամենը չի ցանկանում իր վրա վերցնել»:

Ստեփան Դանիելյանը քիչ հավանական համարեց, որ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին դրդած լինի հրաժարականի՝ հասարակության շրջանում բարձր ռեյտինգի պատճառով խանդելով:

«Ես չեմ կարծում՝ թե Փաշինյանին ձեռնտու էր այս հրաժարականը՝ հաշվի առնելով Ամուլսարի հետ կապված դեպքերը, Քոչարյանի դատավարությունը, և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ հարաբերությունները: Չեմ կարծում, որ այս հրաժարականը Փաշինյանի համար հարմար պահի էր, որ մտածի ռեյտինգի մասին: Հակառակը՝ այս հրաժարականը, ինչ-որ առումով, նրան ծանր վիճակի մեջ դրեց»,- ասաց Ստեփան Դանիելյանը:

Նա «աննախադեպ» որակեց ԱԱԾ տնօրենի հրաժարականն ու  հայտարարությունը իրեն նշանակած քաղաքական ղեկավարության դեմ: Ռուսաստանի ազդեցության նվազում և այլ հանգամանքներ փնտրողներին քաղաքագետը պատասխանում է՝ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, բայց ինքը հակված է կարծելու, որ հրաժարականի պատճառը հենց այն է, ինչի մասին գրել է Արթուր Վանեցյանը հայտարարության մեջ: