կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-12 19:33
Հասարակություն

ԱԻՆ-ը փոքր ավիացիայի անհրաժեշտություն ունի

ԱԻՆ-ը փոքր ավիացիայի անհրաժեշտություն ունի

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Չեխիայի «General Electric Aviation» ընկերության Ուկրաինայի տարածաշրջանային գրասենյակի և Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի բարձրաստիճան ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Պատվիրակության այցելության նպատակն էր ներկայացնել «L410» տուրբո շարժիչով ինքնաթիռը և քննարկել մեր երկրում դրա գործարկման հնարավորությունները: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Պատվիրակության անդամ «General Electric Aviation Czech»-ի Չեխիայի և Սլովակիայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Միլան Սլապակը ներկայացրեց «L410» ինքնաթիռը և նշեց, որ ինքնաթիռն ունի իր դասի ամենամեծ սրահը՝ 19 նստատեղով և կարող է վայրէջք կատարել կարճ, ոչ ասֆալտապատ թռիչքուղիներում և լեռնային շրջաններում:

Այն սովորաբար օգտագործվում է որպես ուղևորատար ինքնաթիռ, բայց կիրառվում է նաև որպես բեռնատար, սանիտարական ավիացիայի, օդապարիկային գործունեության, հսկողության և այլ նպատակներով:

Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ԱԻ նախարարությունն ունի փոքր ավիացիայի անհրաժեշտություն: Ինքնաթիռները պետք է օգտագործվեն հրդեհաշիջման աշխատանքներում և մարդկանց տարհանելու նպատակով:

Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, հաշվի առնելով երկրի փոքրությունը, տարհանումը կազմակերպվում է այլ միջոցներով, իսկ հրդեհաշիջումն առավել արդյունավետ դարձնելու հարցում ԱԻ նախարարութունը պատրաստ է քննարկել գործնական առաջարկություններ:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարն առաջարկեց հյուրերին ներկայացնել իրենց արտադրության ինքնաթիռների տեխնիկատակտիկական տվյալները, որպեսզի մասնագետների ուսումնասիրության արդյունքում քննարկվեն համագործակցության հեռանկարները: