Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ իր՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին ազատում է զբաղեցրած պաշտոնից: Այն, որ Բոլթոնի կոշտ և ռազմատենչ քաղաքականությունը հակասում էր Դոնալդ Թրամփի համեմատաբար մեղմ քաղաքականությանը, փաստ է: Թրամփը, ի տարբերություն ԱՄՆ այլ նախագահների, որդեգրեց ոչ թե երկրներ ներխուժելու, այլ, լինելով գործարար, տնտեսական պատժամիջոցների միջոցով ծնկի բերելու քաղաքականությունը:
2018 թ. հոկտեմբերին Ջոն Բոլթոնը իր՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ ուղղակիորեն կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը նույնպես պետք է ներառվի հակաիրանական պատժամիջոցներում: Անշուշտ, Բոլթոնի այս հայտարարությունը մտահոգիչ էր, քանի որ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումը Հայաստանի վրա շատ ծանր կնստեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակված է, Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները նույնպես չեն գտնվում իրենց բարձունքում:
2019 թ. փետրվարի վերջին Իրան կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց հայ-իրանական հարաբերությունների բարեկամական բնույթի առաջնահերթությունը, որով Հայաստանը ցույց տվեց, որ, անկախ միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններից և բևեռացումից, Իրանի հետ հարաբերությունները կմնան առաջնահերթություն Հայաստանի համար, և երկիրը չի մասնակցի հակաիրանական պատժամիջոցներին:
Վերջին մի քանի ամիսներին ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել էին լարվածության գագաթնակետին: Իրանի կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցումը, Թրամփի հայտարարությունը, որ «ԱՄՆ-ը վերջին րոպեներին է մտքափոխվել Իրանին հարվածել», կարծես թե Մերձավոր Արևելքում նոր ռազմական առճակատման մասին էին ազդարարում: Նման պայմաններում երկու կողմից շրջափակված Հայաստանի Հանրապետության համար այս լարվածությունը մտահոգությունների և լուրջ խնդիրների առիթ դարձավ:
Հոկտեմբերին Երևանում անցկացվելու է ԵԱՏՄ գագաթնաժողովը: Օրեր առաջ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտնեց, որ ՀՀ վարչապետի հրավերով Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկա շաբաթներին կայցելի Հայաստան, որպեսզի նաև մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին: Ռոհանիի այցը կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար: Նախ՝ սա վերջին 8 տարիների ընթացքում Իրանի ղեկավարի առաջին այցն է լինելու Հայաստան (վերջին անգամ Մահմուդ Ահմադինեժադն է 2011 թ. դեկտեմբերի 23-ին այցելել): Երկրորդ՝ այդ այցը Հայաստանի համար տնտեսական առումով կարող է նոր հորիզոններ բացել՝ գլխավորապես կապված հայ-իրանական երկաթգծի նախագծի հետ, որի շուրջ Իրանում վերջին շրջանում նոր քննարկումներ են եղել. Իրանը, սեղմված լինելով տարբեր կողմերից՝ և՛ ամերիկյան պատժամիջոցների, և՛ տարածաշրջանային խնդիրների պատճառով, Հայաստանի միջոցով թեթևացնում է իր ծանր դրությունը, քանի որ ՀՀ տարածքով կապ է հաստատում Ռուսաստանի հետ՝ խորացնելով հարաբերություններն ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին, բացի այդ՝ գագաթնաժողովը կարող է հարմար առիթ դառնալ Պուտին-Ռոհանի հանդիպման համար: ԵԱՏՄ-ն Իրանի համար նոր հնարավորությունների հարթակ է, որի միջոցով, ԵԱՏՄ շուկային ծանոթանալով, դուրս կգա շրջափակումից:
ԵԱՏՄ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանն է, հետևաբար՝ մեր երկրի համար ևս լայն հնարավորություններ կարող են բացվել՝ ինչպես Իրանի հետ հարաբերություններում, այնպես էլ Իրանի միջոցով այլ երկրների, հատկապես՝ Չինաստանի շուկային ցամաքային ճանապարհով կապվելու համար:
«ԵԱՏՄ համատեքստում Հայաստանն ու Իրանն ունեն չափազանց մեծ դերակատարում, և Հայաստանի համար, իր սահմանն ավելի արդյունավետ դարձնելու տեսանկյունից, չափազանց կարևոր են Մեղրիի ազատ տնտեսական գոտու վերաբերյալ քննարկումները, որոնք կարող են լինել թե՛ երկկողմ, թե՛ ԵԱՏՄ երկրների հետ»,- այս մասին Yerkir.am կայքի հետ զրույցում նշեց իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչ կտա Հասան Ռոհանիի այցը Հայաստանին, և ինչ պետք է ակնկալել, նա ասաց, որ թեև այցը ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում է լինելու, այնուամենայնիվ, նմանատիպ բարձրաստիճան պաշտոնյայի այցի պարագայում կքննարկվեն նաև երկկողմ հարաբերությունները: «Հայկական կողմը Իրանի հետ հարաբերություններում շեշտադրումը դնում է ավելի շատ էներգետիկ ծրագրերի վրա, մասնավորապես՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի: Իրանական կողմում էլ, դատելով փորձագիտական տարբեր գնահատականներից, խնդրո առարկա է Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքում Հայաստանի դերակատարությունը, և այս համատեքստում մենք կարող ենք իրանցիների հետ որոշակի օրակարգ ձևավորել՝ ներգրավելով նաև երրորդ կամ չորրորդ կողմերի: Խոսքը վերաբերում է Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն, հայ-իրանական երկաթգծի ծրագրին»,- նշեց իրանագետը:
Ըստ նրա՝ պետք է նաև հուսալ, որ Հասան Ռոհանիի այցի ընթացքում որոշակի հստակեցում կմտցվի հայ-իրանական երկաթգծի ծրագիրը կյանքի կոչելու հարցում, քանի որ հստակ է իրանական կողմի շահագրգռվածությունը, իսկ Հայաստանի պասիվությունն այդ հարցում պետք է պայմանավորել առաջին հերթին ֆինանսական միջոցների սղությամբ:
Մեզ հետ զրույցում Վարդան Ոսկանյանը հուսադրող համարեց այն փաստը, որ իրանցիները շահագրգիռ են այս ծրագրի իրականացմամբ, առնվազն՝ այդ ծրագիրն օրակարգում պահելու հարցում: Բացի այդ՝ օգոստոսին Իրանի փորձագիտական շրջանակներում այս խնդիր քննարկման առարկա է դարձել, և իրանական կողմից փորձագիտական մակարդակով առաջարկ է եղել ստեղծել Հայաստան-Իրան-Չինաստան եռակողմ գործակցության ձևաչափ, որում Իրանը պետք է ունենա միջնորդական առաքելություն:
Ի դեպ, օրեր առաջ Petroleum Economist ամսագիրը «պայթեցրեց» միջազգային հանրությունը Չինաստանի՝ Իրանում ներդրումներ անելու մասին լուրով: Դրա համաձայն՝ Չինաստանը պատրաստվում է Իրանի նավթագազային, նավթատեխնիկական հատվածում ներդնել 280 մլրդ դոլար: Հոդվածում նշվում է, որ Պեկինը միայն 140 մլրդ դոլար ներդնելու է նավթի վերամշակման հատվածում: Դրա փոխարեն Իրանը Չինաստանին կտրամադրի մի շարք նոր, սառեցված կամ կիսաշահագործված նավթահանքերի տենդերներին մասնակցելու իրավունք, ինչպես նաև թույլտվություն, որ Չինաստանին պատկանող նավթահանքերի պաշտպանությանն իրականացնեն 5000 չինացի զինվորականներ:
Օգտվելով այն հանգամանքից, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում ամեն բան հարթ չէ, օրինակ՝ Ադրբեջանի և Իսրայելի բարեկամությունը, իրանական ադրբեջանցիների խնդիրը, Իրանի և Հայաստանի՝ համեմատաբար լավ հարաբերությունները, Հայաստանն ունի հնարավորություն դառնալու փրկօղակ Իրանի համար՝ ամերիկյան պատժամիջոցների ֆոնին, և Հասան Ռոհանիի այցը Հայաստան մեզ համար կարող է մեկնակետ դառնալ նոր տնտեսական հնարավորություններ ձեռք բերելու համատեքստում:
Արգամ Եղիազարյան