կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-18 17:17
Քաղաքական

Պետք չէ հեռուն գնացող հետևություններ անել․ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանի ու Քոչարյանի հանդիպման մասին

Պետք չէ հեռուն գնացող հետևություններ անել․ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանի ու Քոչարյանի հանդիպման մասին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղյակ է, որ Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ ու նրա հետ զրույց են ունեցել Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում: Այս մասին նա այսօր ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ տեղեկացնելով, որ դեսպանի՝ ԱԳՆ հրավիրվելու մասին տեղեկացրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հարցին, թե հանդիպումը կարո՞ղ է դիտարկվել համատեքստում, որ գործող իշխանությունը կոշտացնում է դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ, նա բացասական պատասխան տվեց՝ նաև նշելով՝ մշտապես կոշտ դիրքորոշում ունեն աշխարհի բոլոր այն երկրների հանդեպ, որ փորձում են միջամտել մեր երկրի ներքին գործերին։

«Ռուսաստանի դեսպանի հետ ինքս էլ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, բազմաթիվ հարցեր ենք քննարկել, այդ թվում նաև խոսել ենք փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին, մենք ՝ ռուս, ռուսական կողմը՝ հայ ժողովրդի դիրքորոշումը հարգելու մասին: Ինչ վերաբերում է ՌԴ դեսպանի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը, ապա ասեմ՝ չեմ ողջունում այդ հանդիպումը, բայց կարծում եմ՝ պետք չէ հեռուն գնացող հետևություններ անել: Խոսքը նրա մասին է, որ ոչ թե որևէ երկրի դեսպան չպետք է հանդիպի Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցչի հետ, այլ այն մասին, որ հանդիպում է տեղի ունենում մեկի հետ, որի նկատմամբ շատ լուրջ մեղադրանք կա առաջադրված, և կա դատական գործընթաց, ինչի շրջանակներում որևէ հանդիպում կարող է որպես միջամտություն դիտվել»,- նշեց Միրզոյանը։