Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ քիչ առաջ դիմավորել են ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը մասնակից Աբխազիայի ֆուտբոլի հավաքականին: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը:
Աբխազիայի թիմին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը, Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, ֆուտբոլասերները դիմավորել են աղ ու հացով, զուռնա դհոլով, արցախյան այցեքարտը հանդիսացող ժենգյալով հացով, գինով:
Արցախի այան ու ապան իրենց հերթին ողջունել են հյուրերին և օրհնանքի խոսքեր հղել նրանց: Աբխազիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մրցավար Բեսլան Աջինդիսալն ասել է, որ իրենց հավաքականը եղել ու խաղացել է Արցախում, իսկ ինքն առաջին անգամ է այստեղ:
«Մեզ համար շատ հաճելի է լինել Արցախում: Այստեղ մարդիկ շատ բարյացակամ են, հյուրասեր: Իմ կարծիքով` այստեղ կկազմակերպվի մեծ տոնախմբություն, և մենք էլ ուրախությամբ մասնակիցը կդառնանք այդ ամենին: Ակնկալում ենք, որ խաղերից կստանանք հաճույք: Առաջնության մասնակիցներին ցանկանում ենք արդար մրցակցություն, հաճելի հիշողություններ, դրական զգացողություններ»,-ավելացրել է գլխավոր մրցավարը:
Հավաքականի անդամ Չանդա Դաուրը ևս առաջին անգամ է Արցախում: Նա ունի մարտական տրամադրություն:
«Մենք ուրախ ենք, որ այսօր գտնվում ենք Արցախում: Մեզ դիմավորեցին հիանալի, և առաջին տպավորությունս շատ դրական է: Մենք տեսանք խաղաղ երկիր՝ շրջապատված լեռներով ու գեղեցիկ տեսարաններով: Ես մարդկանց կողմից այստեղ որևէ ագրեսիա չեմ նկատում: Գիտեմ, որ Արցախում եղել են պատերազմներ, մենք՝ Աբխազիայի քաղաքացիներս, նույնպես անցել ենք պատերազմների միջով, այս իմաստով երկու երկրների ժողովուրդներն ունեն նմանություններ», – մասնավորապես ասել է մարզիկը:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանի խոսքով՝ այսօրվանից մեկնարկել է ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը մասնակից թիմերի դիմավորման արարողությունը:
Նա նշել է, որ այսօր կդիմավորեն նաև Հարավային Օսիայի հավաքականին, իսկ հունիսի 1-ին՝ մյուս թիմերին: ConiFA-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 1-ին:
«Հունիսի 2-ից կմեկնարկեն ConiFA-ի խաղերը, որոնք կհեռարձակվեն նաև օնլայն տարբերակով: Արցախի և Սամպիի թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 2-ին՝ ժամը 18:30-ին, Ստեփանակերտի մարզադաշտում»,-տեղեկացրել է Ա. Դանիելյանը: