կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-23 20:32
Քաղաքական

ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի մշակույթի նախարարի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի մշակույթի նախարարի հետ

Ապրիլի 22-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպեց ԵԱՀ մշակույթի նախարար Ինես Աբդել Դաիմին (Enas Abdel-Dayem):

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Գրիգորյանը նշեց, որ մշակութային համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ-եգիպտական երկկողմ օրակարգում։ Կարեն Գրիգորյանն ընդգծեց, որ հայ և եգիպտացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ համակրանքը լավագույնս դրսևորվում են ամուր հումանիտար և մշակութային կապերով։ Միաժամանակ, դեսպան Գրիգորյանը գոհունակությամբ նշեց, որ մշակույթի ոլորտում համագործակցության համար Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա է ընդգրկում իրավապայմանագրային հենք։

Ինես Աբդել Դաիմը իր հերթին մեծապես կարևորեց Հայաստանի, որպես մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրի հետ համագործակցության խորացումը։ Եգիպտացի նախարարը բարձր գնահատեց հայ համայքնի ներդրումը Եգիպտոսի մշակութային կյանքին, ինչպես նաև Հայաստանից ժամանած արտիստների գործունեությունը՝ մասնավորապես, Կահիրեի օպերայում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում Եգիպտոսի մշակութային օրերի անցկացման, երկու երկրներում անցկացվող փառատոններին փոխադարձ մասնակցության հետ կապված հարցեր։ Ինես Աբդել Դաիմը իր լիակատար աջակցությունը հայտնեց Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյանների շրջանակներում Կահիրեում նախատեսվող միջոցառումների անցկացմանը։