կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-18 18:08
Հասարակություն

Չգիտեմ՝ ինչպե՞ս է նշվելու քաղաքացու օրը. Գորգիսյան

Չգիտեմ՝ ինչպե՞ս է նշվելու քաղաքացու օրը. Գորգիսյան

Եթե կառավարությունը որոշել է, որ այդ օրը պետք է տոն լինի, ապա նորմալ է, որ որոշվել է գումար հատկացնել, որովհետև կառավարությունն է սահմանել, որ այդ օրը պետք է տոն լինի: Այս տեսակետին է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Խորհրդարանում լրագրղների հետ զրույցում նա ասաց, որ հարցին գնահատական պետք է տան քաղաքացիները՝ արդյո՞ք իրենց առաջնային խնդիրները դրանք ենք: «Հիմա ավելի լուրջ խնդիրներ ունենք, օրինակ` ճանապարհաշինությունը, որ կարևոր է տուրիզմի հարցում: Իսկ քաղաքացու օր պետք է ամեն օր լինի, քաղաքացին պետք է զգա, որ պետությունն իր կողքին կանգնած է, իր հոգսերին հաղորդակից է: Ինքս դեմ եմ քվեարկել քաղաքացու օր նշելու նախագծին, քանի որ որևէ կառավարություն ինքն իր արածին չպետք է գնահատական տա։ Ամեն օր բոլորս պիտի աշխատենք, որ քաղաքացիներն իրենց պաշտպանված զգան, ամեն օր պետք է բարձրացնենք քաղաքացու քաղաքացիական գիտակցությունը»,- ասաց պատգամավորը:

Հարցին` օրինակ՝ գործազուրկ քաղաքացին ինչպե՞ս պետք է նշի տոնը, նա պատասխանեց, որ ընդհանրապես չգիտի, թե քաղաքացին ինչպես պետք է տոնի այս օրը։ «Եթե ինչ-որ շքերթեր պետք է լինեն` փուչիկներով, դա ինձ հիշեցնում է Խորհրդային միության տարիները։ Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է նշել այս օրը»,- հավելեց Գորգիսյանը:

Հիշեցնենք՝ այսօր կառավարությունը որոշել է Քաղաքացու օրը նշելու համար հատկացնել 124 մլն դրամ՝ մոտ 250 հազար դոլար։

ԼՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցին` ընդգծելով, որ գործադիրը կարող է Ջանջուղազյանի աշխատանքից գոհ լինել, բայց ցանկացած նախարար ԱԺ գալիս պետք է հասկանա՝ ուր է գալիս, և զգաստացած լինի։