Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ապառաժ»-ի հարցազրույցը ՀՅԴ Արցախի պատանեկան միության Վարիչ մարմնի ներկայացուցիչ Մանուշակ Բալասանյանի հետ՝ Արցախի պատանեկան միության գործունեության, առաջիկա ծրագրերի և այլ հարցերի շուրջ:
– Աշխատանքների ի՞նչ ուղղություն է ընտրել Արցախի պատանեկան միությունը:
– Արցախում պատանեկան միությունը սկսել էր գործել դեռևս հետպատերազմյան տարիներին: Երկար դադարից հետո վերջին տարիներին փորձում ենք նորից ակտիվացնել պատանեկան խմբերի ստեղծումն ու պատանիների հետ տարվող աշխատանքները: Պատանեկան միության վարչությունը տարվա սկզբում ներկայացնում է իր գործունեության ծրագիրն ու գործում՝ ըստ նախօրոք մշակված ծրագրի: Հիմնականում ամենշաբաթյա հանդիպումներն են, որի ժամանակ պատանիներին ծանոթացնում ենք մեր ազգային հերոսներին, ՀՅԴ պատմությանը, սովորում են ազգային երգեր ու պարեր: Ավելի հետաքրքրական դարձնելու համար կազմակերպում ենք արշավներ ու տարբեր բնույթի միջոցառումներ, որին մասնակցում են բոլոր պատանեկան խմբերը՝ պատանիների միջև կապ ապահովելու համար:
– Պատանիների հետ աշխատանքի արդյունքում ի՞նչ խոչընդոտների եք բախվել: Արդյո՞ք դժվար է ժամանակակից պատանու հետ աշխատելը:
– Մեր պատանեկությունն ու ներկայիս երեխաների պատանեկությունն իրարից խիստ տարբերվում են: Մենք մեծացել ենք հետպատերազմյան տարիներին, երբ նույնիսկ ամենափոքր զբաղվածությունը մեզ համար մեծ նշանակություն ուներ: Ժամանակակից պայմաններում պատանիների հետաքրքրությունների ու զբաղվածության ուղղությունները բազմաթիվ են: Իհարկե, խոչընդոտներ առաջանում են, սակայն մենք փորձում ենք այդ բոլորը սահուն կերպով հաղթահարել՝ հաշվի առնելով պատանիների հետաքրքրվածությունը և նրանց առաջարկներին համապատասխան անցկացնում հանդիպումները: Ցավոք սրտի, դեռևս կան խնդիրներ՝ հիմնականում տարբեր տեխնիկական միջոցների բացակայությամբ պայմանավորված, սակայն հույս ունենք դրանք ևս կկարողանանք համալրել և ավելի հագեցնել պատանիների հետ հանդիպումների օրակարգը:
– Ի՞նչն է Արցախի պատանիների մեջ Ձեզ ոգևորում: Նրանց մեջ տեսնո՞ւմ եք արդյոք ապագա դաշնակցականների:
– Միայն ամենշաբաթյա հանդիպումներն արդեն շատ ոգևորիչ են վարիչներիս համար, երբ տեսնում ենք՝ ինչպես են փայլում պատանիների աչքերը մեր ազգային հերոսների մասին պատմությունները լսելիս, ինչպիսի ոգևորությամբ են սովորում ազգային երգերն ու պարերը, երբ տեսնում ենք նրանց ծնողների շնորհակալ հայացքները: Այս ամենը շատ կարևոր է, քանի որ պատանիների մոտ պահպանվում է ազգայինը, նրանք հպարտանում են, որ հայ են և որ դաշնակցական պատանիներ են: Հետաքրքրական է կողքից դիտել ու տեսնել նրանց միջև ընկերական շփումը, որն իսկական դաշնակցական լինելու կարևոր հանգամանքներից մեկն է: Հույս ունեմ՝ կկարողանանք դաստիարակել հայրենասեր պատանիների, որոնք իրենք կընտրեն իրենց հետագա ուղին:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա տարուց: Հնարավո՞ր են արդյոք նորամուծություններ:
– Ամեն տարի փորձում ենք կատարել նորամուծություններ: Այսպես, 2018 թվականին Արցախի պատանիների համար կազմակերպվել է ամառային բանակում, որը բավականին ոգևորիչ ազդեցություն ունեցավ: Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, ամառվա ընթացքում կկազմակերպվեն բակային ճամբարներ Արցախի տարբեր շրջաններում: Այս տարվա գլխավոր ակնկալիքներից մեկն այն է, որ կարողանանք բակային ճամբարներ կազմակերպել Արցախի այն շրջաններում, որտեղ դեռևս ճամբարներ չեն կազմակերպվել, և հույս ունենք, որ այդ շրջաններում ևս կձևավորվեն պատանեկան խմբեր:
– Իսկ ինչպե՞ս կարող են ցանկացողներն անդամակցել կազմակերպությանը:
– Մեր կառույցում ընդգրկված են 10-16 տարեկան տղաներ ու աղջիկներ: Ներկայումս պատանեկան խմբեր գործում են Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան և Կովսական քաղաքներում: Նրանք, ովքեր ցանկանում են լինել մեր կազմակերպության անդամ, մասնակցել մեր կողմից կազմակերպվող միջոցառումներին, կարող են դիմել վերոնշյալ քաղաքների մեր կառույցների մասնաճյուղերին: Ավելացնեմ նաև, որ ամառային շրջանում ավելանում է պատանեկան միության շարքերը համալրողների թիվը՝ կապված տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից կազմակերպվող ճամբարների հետ:
– Ինչպե՞ս եք պատկերացնում պատանիների դերը Արցախի հետագա հասարակական կյանքում:
– Կարծում եմ՝ կարևոր է անձի մոտ դեռևս պատանեկան տարիքում սերմանել ակտիվ ապրելու կենսաոճը, որպեսզի հասուն տարիքում նրանք արդեն իսկ մասնակիցը լինեն երկրի հասարակական կյանքին, կարևորեն երկրում ընթացող տարբեր քաղաքական իրադարձությունները և անմիջական մասնակիցը լինեն իրենց հայրենիքի զարգացման գործընթացին: Ցավոք սրտի, Արցախում դեռևս պատանիների հասարակական գործունեությունը սահմանափակվում է դպրոցների կազմակերպած հանրային ձեռնարկներին մասնակցելով: ՀՅԴ Արցախի պատանեկան միության անդամները մասնակցում են Արցախի հասարակական կյանքին, և համագործակցելով ՀՅԴ Արցախի երիտասարդական կառույցի հետ` մասնակցում և կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ: Հույս ունենք՝ հետագայում Արցախում ակտիվորեն կսկսի գործել ոչ միայն երիտասարդական դաշտը, այլ նաև կստեղծվեն պատանեկան նոր կազմակերպություններ, որոնք իրար հետ համագործակցելով ավելի ակտիվորեն կմասնակցեն երկրի հասարակական կյանքին: