կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 12:35
Հասարակություն

Դրական եզրակացություն տրվեց մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ պատճառված վնասի հատուցման մասին օրենքի նախագծին

Դրական եզրակացություն տրվեց մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ պատճառված վնասի հատուցման մասին օրենքի նախագծին

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած` 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքի նախագծին` որոշելով ԱԺ խորհրդին առաջարկել նախագիծն ընդգրկել ԱԺ լիագումար նիստի օրակարգում:

Ըստ օրինագծի` առաջարկվում է Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում։

«Նախագծի ընդունումն ունի հասարակական-քաղաքական նշանակություն, քանի որ այն համահունչ է Ազգային ժողովի օրակարգում գտնվող անցումային արդարադատության շրջանակներում ձեռնարկվելիք այն միջոցառումների և հնարավորությունների ստեղծման նպատակին, որոնք նպատակուղղված են վերականգնել պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը, քաղաքացիական համերաշխությունը, քաղաքացիների սահմանադրական խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանն է ուղղված: Ես ստացել եմ տեղեկանք, որի համաձայն` եղել են անձինք, որոնք մեծ աջակցություն են ստացել ու հիմա էլ նպաստի տեսքով ստանում են։ Իսկ կան մարդիկ, որոնք ընդհանրապես աջակցություն չեն ստացել։ Կարծում եմ՝ տարբերակված մոտեցումն անընդունելի և  անարդար, ու այս նախագիծն ուղղված է արդարության վերականգնմանը»,- ընդգծեց Լենա Նազարյանը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ մանրամասնեց, որ օրենքի նախագիծը մշակվել է իր ղեկավարած գերատեսչության հետ համատեղ: «Օրենքով նախատեսված հատուցման չափը, կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ»,- նշեց նա` հավելելով, որ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք դիմումը կարող են ներկայացնել կառավարություն որոշումն ուժի մեջ մտնելուց 3 տարվա ընթացքում։