Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծն արդեն վերջնական փուլում է. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` նշելով, որ մոտ ժամանակներս այն կուղարկվի խորհրդարան:
Կառավարության կառուցվածքային փոփոխություններն օր առաջ ԱԺ չուղարկելու` ընդդիմադիրների բողոք-դժգոհություններին Ավինյանը ծանոթ է, պարզապես ընդգծում է` նման մեծ փոփոխությունների համար ժամանակ է հարկավոր։
«Եթե ընդդիմությունն ասում է, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծն ուշանում է, ապա պետք է հասկանա, թե ինչու ենք ուշացնում։ Իմ համոզմամբ՝ նման խորքային ու լուրջ որոշումները կարիք ունեն բավականին լայն շերտերի ընդգրկվածության ու քննարկումների լայն շրջանակի։ Հետևաբար` այս գործընթացների վերլուծությունն էլ պետք է լինի բավականին ժամանակատար։ Բնական պրոցես է, որ մենք հապշտապ որոշումներ չենք կայացնում»,- ասաց փոխվարչապետը:
Անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ կապված այլընտրանքային նախագծերին` Ավինյանը նշեց. «Երբ կառավարության կողմից առաջարկվող փաթեթն արդեն խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում կլինի, առաջարկված փաթեթները նույնպես հնարավոր կլինի քննարկել այդ ժամանակ: Օրինակ` ԼՀԿ-ի մեր գործընկերները հնարավորություն կունենան իրենց առաջարկությունները ներկայացնելու։ Հուսով եմ ՝մենք նման դոգմատիկ ու աքսեոմատիկ սկզբունքներով շարժվող կառավարության տպավորություն չենք թողնում, մենք բաց ենք քննարկումների և բոլոր տրամաբանական առաջարկների համար, որոնք հիմնված կլինեն փաստարկների վրա»:
Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության` նախարարություններ դառնալու գաղափարին գալով՝ փոխվարչապետը նշեց, որ համոզված չէ, որ դրանք նախարարության տեսքով կարող են արդյունավետ գործել: Ապա հավելեց. «Նախարարությունը քաղաքականություն է մշակում, այսինքն՝ այդ ոլորտում քաղաքականության մշակմամբ է՞լ են նախարարությունները զբաղվելու, թե՞ մենք ուզում ենք ԱԺ-ում դրանց վերահսկողության հարցը լուծել։ Օրինակ՝ ԱԱԾ տնօրենն աննախադեպ մասնակցություն է ունեցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին, որը մեր պատմության վերջին 10 տարիների ընթացքում, երևի, աննախադեպ երևույթ էր։ Այսինքն՝ փաստացի ԱԺ-ն լծակներ ունի վերահսկելու այդ մարմիններին»:
Դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը փոխվում են` քաղաքական ղեկավարների փոփոխությամբ, ինչին ականատես եղանք նաև նոր իշխանությունների օրոք, Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը քաղաքական պաշտոնյաներն էլ չեն, նրանք մարդիկ են, որոնք այդ համակարգի աշխատակիցներ են»։