կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-21 14:29
Հասարակություն

Ավշարի դպրոցի ուսուցիչներին «փոխարինել է» մարզպետի քեռին

Ավշարի դպրոցի ուսուցիչներին «փոխարինել է» մարզպետի քեռին

Մարզպետի  հետ հանդիպմանը սպասում էինք առաջին իսկ օրվանից, դպրոց էին գալիս մարզպետարանի ներկայացուցիչները` համոզելով, որ վերականգնվի դասապրոցեսը, բայց դա միայն մեր մեղքով չէ, այս հարցի հետևում կանգնած է 500 աշակերտի ծնող. լրագրողների հետ զրույցում ասաց Ավշարի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ասպրամ Հովսեփյանը:

Անդրադառնալով երեկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և Ավշարի ուսուցչական կոլեկտիվի հանդիպմանը` նա հայտնեց, որ մարզպետն իրենց առաջարկել է փոխզիջումների գնալ, այսինքն` ուսմասվար Գայանե Մարտիրոսյանը կշարունակի աշխատել իր հաստիքում, իսկ մարզպետի մորաքրոջ հարսը որևէ պաշտոնի չի հավակնի, ուսուցիչներն էլ կշարունակեն իրենց աշխատանքը:

«Բայց մենք չենք կարող գնալ այդ փոխզիջումներին, չենք կարող աշխատել մի մարդու հետ, որն այսքան մարդու ստախոս ու ստահակ է անվանել: Տիկին Անդրեասյանն ինչպե՞ս է աշխատելու այն ուսուցիչների հետ, որոնց հետ մի քանի ժամում հասցրել է ընդհարում ունենալ, ինչպե՞ս է նայելու այն աշակերտների աչքերին, որոնք երեսը տեսնել չեն ուզում: Վերջապես` կարելի է 35 մանկավարժի ու 15 տնտեսական աշխատողի կարծիքը հաշվի առնել: Մարզպետն ասում է, թե մեր քայլերն իրավական հիմք չունեն: Հասկացանք` իրավականը, եթե այդ հիմքն ունենայինք, ապա դատարանում կլինեինք ու հարցերը ոչ թե մարզպետի աշխատասենյակում, այլ դատարանում կպարզեինք: Ոտնահարվել է մեր բարոյական իրավունքը: Անտեսել այսքան ուսուցիչների կարծիքն ու ասել` կամայականություն է, կամ ձեր հետևում քաղաքական ուժեր կան, աբսուրդ է: Մեր հետևում քաղաքական որևէ ուժ չկա: Մեր կոլեկտիվի մեջ չկա մի մարդ, որ հավակնի այդ պաշտոնին»,- ասաց Հովսեփյանը:

Նրա համար տարօրինակ է եղել նաև ԿԳՆ հանրակրթության վարչության պետի հայտարարությունը, թե դպրոցում տնավարություն  է եղել: Ուսուցչուհին հարց է բարձրացնում` ի՞նչ տնավարության մասին է խոսքը, երբ դպրոցը տնօրեն չի ունեցել, սակայն այդ ընթացքում աշակերտներն օլիմպիադաներում լավագույն արդյունքներ են գրանցել: «Դա էլ բավարար չէ, այս խառը վիճակում մարզպետն աուդիտ է հայտարարել: Լավ, ենթադրենք օրենքով է դա, բայց ումի՞ց ես փաստաթուղթ պահանջում, ումի՞ց ես ինչ ուզում: Մարդիկ իրենց տեղը չգիտեն, դուք աուդի՞տ եք անցկացնում»,- տարակուսեց մանկավարժը:

Նա անհեթեթ է համարում նաև այն խոսակցությունը, թե իրենց հետևում  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը կարող է կանգնած լինել: Հստակեցնում է` այդ մարդիկ երեք մեծ գործարան ունեն ու հազարավոր աշխատակիցներ, և եթե ցանկանային ինչ-որ բան անել, այդ աշխատակիցները դուրս կգային, կպահանջեին մարզպետի հրաժարականը:

Դպրոցի հայոց և լեզվի և գրականության մեկ այլ ուսուցչուհի` Կարինե Փամբուկյանը, նշեց, որ ուսուցիչները որևէ մեկի օգնության, աջակցության կարիքը չունեն, անգամ մերժել են ավագանու` իրենց սատարելու որոշումը: «Սա մեր խնդիրն է, հարցերի պատասխաններն ու պատճառաբանությունն էլ մենք ունենք: Վերահաստատում եմ` մեր հետևում կանգնած որևէ ուժ չկա, մենք ուղղակի ուզում ենք, որ մեր ձայնը վերջապես լսելի լինի, ի վերջո, նշանակություն տան ուսուցչին` որպես մարդու, անհատականության: Ի՞նչ է նշանակում` 35 հոգին պետք է լռի, ինչ է, թե մեկը պետք է աշխատի: Այդ մի հոգին մեկ օրում այնքան հակակրանք է «շահել» համայնքի, հասարակության, աշակերտության ու կոլեկտիվի կողմից, որ դեպքերի զարգացումն այլևս անհնար է վերանայել: Ընտրել ենք, չէ՞, նրան, եթե ուզենայինք ինչ-որ բան կազմակերպել, ապա դա կանեինք նախքան ընտրությունը: Որևէ մեկը չի կարող մեզ ուղղորդել, մենք խելացի մարդիկ ենք, մենք որևէ մեկի դեմ ոչինչ չունենք, ընդամենը ուզում ենք աշխատել խաղաղ պայմաններում: 35 տարի աշխատում եմ այս դպրոցում, նման բանի ականատես չեմ եղել: 8 տնօրենի հետ եմ աշխատել, ի՞նչ խնդիր ունեի` 9-րդի հետ աշխատելու: Ուղղակի նա չկարողացավ պահպանել բարեկրթության սահմանները: Ասում է` դուք ինձ ընտրել եք, ու վերջ: Հո միանձյա իշխանուհի չէ՞: Մի ամբողջ համայնք ասում է` չենք ուզում քեզ հետ աշխատել, գնա այլ տեղ կայացի: Դպրոցը կայանալու տեղ չէ, դպրոցը կայացած մարդու տեղ է: Ես անհարմար եմ զգում, որ ընտրել եմ նրան, ափսոսում եմ»,- վրդովված ասաց ուսուցչուհին:

Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ եք ընտրել, նա արձագանքեց. «Մտածեցի թարմ ուժ է, լավ ծրագիր ուներ: Բացի այդ` հավանեցի խոսքի ճկունությունը, հարցերին կոնկրետ պատասխանալու կարողությունը»:

Yerkir.am-ի հարցին` դպրոցի կառավարման խորհրդի կազմում մարզպետ Գարիկ Սարգսյանի ազգակիցներից կա՞ն, ուսուցիչները դրական պատասխան տվեցին, բայցև հրաժարվեցին անուններ ներկայացնել:

Մեր մյուս հարցին` իսկ երեկվա հանդիպման ժամանակ առերեսում չի՞ եղել, չե՞ն փորձել երկուստեք պարզաբանումներ անել, Ասպրամ Հովսեփյանն ասաց. «Ունեցել ենք առերեսում, բայց նա որևէ հարցի չի պատասխանում, իրեն ուղղված բոլոր  հարցերը մարզպետն էր իր վրա վերցնում: Տնօրենը մեզ ասում էր, թե, իբրև, գունեղ ենք ներկայացնում, ստում ենք, կիսատ ծափահարություններով ենք իրեն դիմավորել և այլն»:

Ավշարի դպրոցի ուսուցչուհի Շուշանիկ Ղահրամանյանն էլ ասաց, որ իրենց փոխարեն դպրոցում դասավանդում է դպրոցի հետ որևէ կապ չունեցող` Գարիկ Սարգսյանի քեռին, ինչ է, թե զբաղեցնի երեխաներին:

Yerkir.am-ի ճշտող հարցին` մարզպետի ազգականների երեխանե՞րն են միայն դպրոց գնում, նա հաստատող պատասխան տվեց: «Մարզպետի բարեկամներն ամբողջ գյուղին դեմ են կանգնել, պրովոկացիայի ալիք է բարձրանում, ամբողջ գյուղին հանում են իրար դեմ: Մարզպետի բարեկամները հավաքում են իրենց տասը երեխաներին ու դպրոց ուղարկում: Նրա քեռին դաս է պարապում 10 երեխայի հետ: Կոչ եմ անում բոլոր կողմերին` նման բաներ մի' արեք, հարթե'ք իրավիճակը: Թող դուրս գա այդ աղջիկը: Վստահ կարող եմ ասել մեր բոլոր ուսուցիչների անունից` մեզ մոտ չկա չաշխատող ուսուցիչ, ընդամենը այս աղջկա խնդիրը լուծեք, մենք նրա հետ չենք աշխատելու: Կամ` թող հանեն 35 մանկավարժներին ու այնպիսի մարդկանց բերեն, որոնք կարող են աշխատել տիկին Անդրեասյանի հետ»,- ասաց ուսուցչուհին:

Իսկ Yerkir.am-ի հարցին` սկզբունքի հա՞րց է, ուսուցիչներն արձագանքեցին` իրականում իրենք էլ չեն հասկանում, թե ինչ հարց է: «Մեզ ասում են, թե` երեխաներին գործիք եք դարձնում, բայց եթե դպրոցեն գնում միայն մարզպետի ազգականների երեխաները, ապա ո՞վ է մեզնից գործիք դարձնում երեխաներին»,- ասացին նրանք: