կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-05 11:31
Քաղաքական

«Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը չընդունվեց

«Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը չընդունվեց

Քիչ առաջ Ազգային ժողովի նիստում չընդունվեց «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված նախագծին կողմ քվեարկեց 36, դեմ` 53,  ձեռնպահ` 3 պատգամավոր:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ դիտարկմանը, թե նախագծի նպատակը աշխատողներին վերահսկողության տակ պահելն է` ժխտելով այդ տեսակետը: Նրան անհանգստացրել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հայտարարությունները:

«Հանձնաժողովի նիստին գալ ուշացումով, չլսել իմ զեկույցը, որևէ բառ չասել նախագծի վերաբերյալ, բայց դրսում հարցազրույց տալ ու ասել, որ այս նախագծի իմաստն աշխատողներին տոտալ վերահսկողության ներքո պահելն է... Ես ուսումնասիրել եմ պարոն Մկրտչյանի կենսագրությունը. նա 26 տարեկան է, իսկ ես 23 տարի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դասավանդում եմ, 23 տարի զբաղվել եմ աշխատողների իրավունքների դատական պաշտպանությամբ, ու այդ ինչպե՞ս եղավ, որ աշխատողների շահերը տոտալ վերահսկողության ներքո դնելու նախագիծ հեղինակեցի: Մենք այստեղ անընդհատ խոսում ենք սիրո, հանդուրժողականության մթնոլորտի մասին: Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը՝ չմասնակցել նիստին, հետո ապատեղեկատվություն տարածել, թե ԲՀԿ-ի ներկայացրած նախագիծը ուղղված է աշխատողների շահերի դեմ: Եթե կա ասելիք, ես Ձեզ, պարո'ն Մկրտչյան, հրապարակային հրավիրում եմ բանավեճի: Դուք ասում եք՝ ես իմ ասելիքն ասել եմ, չեմ գալիս բանավեճի»,- ասաց պատգամավորը: