Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի` օրհներգը փոխելու առաջարկը կրկին օրակարգում է: Նա անցել է գործնական քայլերի` հայտարարելով, որ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ հիմնի համար, որն, ի դեպ, Խորհրդային Հայաստանի հիմնի երաժշտությունն է եղել, հայտարարվում է տեքստի մրցույթ: Համապատասխան տեքստ ընտրելու համար, ըստ Ալեն Սիմոնյանի, ձևավորվել է աշխատանքային խումբ` մի շարք մտավորականների մասնակցությամբ:
Yerkir.am-ն այդ խմբում ընդգրկված` Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանյանից տեղեկացավ, որ նա վերոնշյալ խմբում ներառվել է Սիմոնյանի հրավերով: Դեռ չի կողմնորոշվել` կո՞ղմ է, թե՞ դեմ օրհներգի փոփոխությանը: «Քննարկելու հարց է: Ապագայում կերևա` ոնց է, ինչ է: Փորձ է արվում, որպես օրհներգի տարբերակ, ինչ-որ ամբողջականացում մտցնել»,- ասաց նա:
Մեր հարցին` տեղի՞ն է օրհներգ փոխելու հարցն օրակարգային դարձնելը, Կոստանյանը պատասխանեց` դա ավելի շատ քաղաքական թեմա է ու իր որոշելիքը չէ: «Թող որոշակի ժամանակ անցնի, երբ աշխատանքային խումբը որոշակի գործունեություն կծավալի, ավելի ճիշտ կլինի այդ հարցին անդրադառնալը»,- հավելեց նա:
Ի տարբերություն Նիկոլայ Կոստանյանի` Հայաստանի գրողների միության անդամ, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանին մրցութային հանձնախմբում լինելու առաջարկը ոչ թե Ալեն Սիմոնյանն է արել, այլ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ասում է, որ նրա հետ պետք է որոշեն, թե որ տեքստն է ավելի հարմար Արամ Խաչատրյանի երաժշտությանը, բայց դա չի նշանակում, թե օրհներգ է փոխվում: «Արամ Խաչատրյանի թանգարանն ուզում է` երաժշտության հիման վրա բառեր գրվեն: Գրողների միության նախագահն ու ես պետք է այդ տեքստերը նայենք: Օրհներգի մասին խոսք չկա»,- տեղեկացրեց Բախչինյանը:
Հարցին, թե` Ձեր տեղեկությամբ այդ նախաձեռնության հեղինակը Արամ Խաչատրյանի թանգարա՞նն է, հստակ պատասխանեց` այո:
Դիտարկմանը, թե, այսինքն, ըստ իրեն, դա պարզապես տեքստ է Խաչատրյանի երաժշտության համար ու ոչ մի բանի չի ծառայելու, Բախչինանը կրկին դրական պատասխան տվեց. «Այո, դա պարզապես տեքստ է լինելու այդ երաժշտությունն օգտագործելու համար, ինչը չի ենթադրվում, որ օրհներգի փոփոխության համար է արվում դա»:
Իսկ Դավիթ Գյուրջինյանին, որի անունը ևս ներառված է աշխատանքային խմբի անդամների` Ալեն Սիմոնյանի հրապարակած ցուցակում, որևէ մեկը, որևէ կառույց ընդգրկվելու առաջարկ չի արել: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պաշտոնապես տեղյակ չէ, որ հանձնաժողովի անդամ է:
Հարցրեցինք` այնուամենայնիվ, պատրաստվո՞ւմ է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, Գյուրջինյանն արձագանքեց. «Այ, երբ հրավեր լինի, ու ես պաշտոնապես իմանամ, որ հանձնաժողովի անդամ եմ, այդ ժամանակ կտեսնեմ` կմասնակցե՞մ, ի՞նչ կասեն և այլն»:
Մյուս հարցին, թե տեղի՞ն է համարում օրհներգի փոփոխության հարցն օրակարգային դարձնելը, նա բացասական պատասխան տվեց. «Կարծում եմ` դրա ժամանակը չէ»: