Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում նոր, ցենտրիստական քաղաքական ուժ է ստեղծվել: Այս մասին հայտարարություն է տարածել «Մեկ Հայաստան» կուսակցությունը:
Կուսակցության հիմնադիր համագումարի կազմակերպիչների հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:
Հայաստանի քաղաքական, հասարակական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, գիտական կյանքում տեղի ունեցող զարգացումները, քաղաքացիական մասնակցության ժամանակակից միտումները, արժեհամակարգային ներկա կերպափոխումները, ինչպես նաև Հայաստանի շուրջ տեղի ունեցող բարդ աշխարհաքաղաքական փոխակերպումները պարտավորեցնում են մեզ՝ մեր գիտելիքները, փորձառությունը, կարողություններն ու հմտությունները ի սպաս դնել պետականության շարունակական, կայուն զարգացման, ժողովրդավարական և գիտականորեն հիմնավորված կառավարման ներդրման, ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրների բազմարդյունք լուծումների գործում:
Մենք կարևորում ենք Հայաստանի Հանրապետության անկախության, ազգային-մշակութային գաղափարաբանության վրա խարսխված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հիմնարար կայացումը՝ անկյունաքարային և առանցքային համարելով ազգային ինքնության հենասյուները՝ ազգային մշակութային ժառանգությունը, Հայ Առաքելական Եկեղեցին, Հայոց լեզուն և հայ մշակույթի քաղաքակրթածին նշանակությունը:
Մեկնվելով նույն սկզբունքներից՝ կարևորում ենք Արցախի Հանրապետության անվտանգային և ինստիտուցիոնալ հիմնարար, կայուն զարգացումը՝ որպես քաղաքական, տնտեսական և հասարակական արագընթաց համաչափ զարգացման գրավական՝ այն դիտարկելով ողջ հայ ժողովրդի անվտանգության, իրավունքների ու շահերի, պատմական ու մշակութային ժառանգության համատեքստում:
Հայաստան-Սփյուռք գործակցության բացառիկ կարևորությունը դիտարկելով որպես համահայկական շահերի պաշտպանության, հայ ժողովրդի համաշխարհային դիմադրողականության բարձրացման անփոխարինելի գործոն, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում սկզբունքային ենք համարում ազգային ինքնության պահպանումն ու փոխանցումը, մասնակցային ներգրավվածությունը:
Կուսակցության հիմնադիրները կից ներկայացրել են նաև գաղափարական հիմնական սկզբունքները.
Որպես ցենտրիզմի առաջադիմական սկզբունքներով առաջնորդվող կուսակցություն՝ մենք մերժում ենք գաղափարախոսական բևեռացվածությունը, արմատականությունն ու ծայրահեղականությունը, քաղաքական պայքարի հակամարտային ձևերը, և հանդես ենք գալիս հօգուտ քաղաքական դաշտում գաղափարախոսական չափավորության, համագործակցային և փոխհամաձայնողական մշակույթի արմատավորման։
Մեր աշխարհայացքի հիմքում որպես սկզբունք ունենալով ազնվությունը, արդարությունը, պատասխանատվությունն ու համոզմունքայնությունը՝ մենք կտրականապես մերժում ենք պոպուլիզմն ու պատեհապաշտությունը:
Մեր Հայաստանը
Մենք գիտակցում ենք, որ պետականաշինության վերաիմաստավորման, հանրային կառավարման ոլորտի արմատական փոփոխությունների ներկա փուլում Հայաստանը հայտնվել է բազմաչափ խնդիրների հորձանուտում, որոնց դիմակայումը պահանջում է հայեցակարգային նոր և հիմնարար մոտեցումներ՝ հիմքում ունենալով ազգային ինքնության արժեքային համակարգով կայացող, ժամանակակից աշխարհի մարտահրավերներում դիմադրողականությամբ օժտված ազատ, մրցակցային հասարակության ձևավորումը՝ որպես պետության և պետականության շարունակական զարգացման, անվտանգության ամրապնդման հրամայական:
Մենք համոզված ենք, որ քաղաքական համակարգի ժողովրդավարական համընդգրկուն փոխակերպումները, տեղեկատվական, հաղորդակցային տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը կարող են ստեղծել ազգային համախմբվածության աննախադեպ մեծ հնարավորություններ՝ էապես խթանելով ազգային խնդիրների հիմնարար լուծումները:
Մեր ազգային-պետական շահերը պետք է կերպափոխվեն ազգային-պետական նպատակների: Մենք վստահ ենք, որ կկարողանանք կյանքի կոչել այս կերպափոխումը՝ մեր ներքին ու արտաքին քաղաքականության ռազմավարական քայլերում ապահովելով ազգային-պետական նպատակների արտացոլումը:
Մեր գործնեության կենտրոնում արտաքին և ներքին մարտահրավերների հանդեպ բարձր դիմադրողականությամբ օժտված հասարակության յուրաքանչյուր անդամի դաշինքից ծնված պետությունն է, որի շահին ստորադասվում են խմբային և անձնական շահերը։
Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին հարաբերություններում պետք է լինի ինքնիշխան, հետևողական, հավասարակշռված, իրատեսական և մարդասիրական։
Հայաստանի Հանրապետության քաղաքականության առանցքն իր լավագույնս գնահատված, արժևորված, իր պատմական, քաղաքակրթական, մշակութային ժառանգությանն արժանի երջանիկ քաղաքացին է՝ նրա ֆիզիկական ու հոգևոր անվտանգության, բարեկեցության ապահովումը, ինքնաիրացման պահանջմունքային հնարավորությունների կյանքի կոչման գրավականների ստեղծումը։
Առհավատչյան՝ կայուն և անցնցում զարգացումն է՝ խարսխված հայկական պետականության պատմական, քաղաքական ժառանգականության, քաղաքականությունում ազնվության, սերունդների համերաշխությամբ պայմանավորված սերնդափոխության, պետական ինստիտուտների ամրության, անկանգ հզորացման, պետական կառավարման համակարգի մշտական զարգացման վրա։
Կենսատու ուժը՝ ներհասարակական հանդուրժողականության և փոխհամաձայնության մշակույթն է՝ հիմնված սոցիալական գործընկերության, սերունդների երկխոսության և սոցիալական արդարության գործուն մեխանիզմների վրա:
Առաջնորդվելով քաղաքական կայունության պահպանման հրամայականով՝ մենք կարևորում ենք ազգային-պետական շահերի իրականացման պատասխանատվության բաշխումը պետական ինստիտուտների, կուսակցությունների և քաղաքացիական հասարակության միջև:
Մենք համոզված ենք, որ միայն փոխհամաձայնության ու համագործակցային մշակույթի արմատավորման, հասարակության իրավաքաղաքական գիտակցության բարձրացման միջոցով է Հայաստանում հնարավոր ամրապնդել ժողովրդավարական կառավարում՝ առողջացնելով ու վերափոխելով միջկուսակցական պայքարի բովանդակությունը, հետևողականորեն կատարելագործելով քաղաքացիական մասնակցության և պետական կառավարման համակարգը՝ ի նպաստ և ի շահ ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ կայացման և հարատևության:
Հիմնադիր համագումարի կազմակերպիչների խումբ.
Արթուր Ղազինյան - Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վլադիմիր Մարտիրոսյան -Քաղակական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հասմիկ Ենգոյան - Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վահե Դավթյան - Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Մաքուր էներգիա» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ
Սոնա Հարությունյան - «Մշակույթների երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ
Աշոտ Ալեքսանյան - Քաղաքական գիտությունների դոկտոր, Քաղաքական գիտությունների միջազգային ընկերակցության անդամ
Լիլիթ Միրզոյան - Իրավաբան, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ
Գրիգոր Գրիգորյան - Կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ
Աննա Մաթևոսյան - Իրավաբանական գիտությունների թեկնածու, Մոնպելյե համալսարանի իրավագիտության դոկտոր
Կարեն Գևորգյան - Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ