կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 16:35
Քաղաքական

Մենք ունենք պաշտպանվելու և վնաս հասցնելու բավարար կարողություններ. Զոհրաբ Մնացականյանը՝ Ալիևին

Մենք ունենք պաշտպանվելու և վնաս հասցնելու բավարար կարողություններ. Զոհրաբ Մնացականյանը՝ Ալիևին

Մեր դիրքորոշումները, դիրքերը, մեր վստահությունն այդ դիրքերի և դիրքորոշումների նկատմամբ եղել և մնում են շատ հստակ: Մենք ունենք պաշտպանվելու, բայցև վնաս հասցնելու կարողություններ: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի հետ համատեղ ասուլիսում՝ արձագանքելով հարցին, թե երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «իր երկրի ռազմատնտեսական ներուժը, դիրքն աշխարհում Ադրբեջանի օգտին են աշխատում, և որ իրենց դիրքերը բանակցային գործընթացում ուժեղ են», ըստ այդմ՝ արդյո՞ք խաղաղության թեզը և այս հռետորաբանությունը նույն հարթության վրա կարող են լինել:

«Շատ ցավում եմ դրա համար, մեր դիրքորոշումները բոլորիդ ավելի քան պարզ են, ավելի քան հայտնի: Դուք գիտեք, թե մենք ինչպես ենք վերաբերվում կարգավիճակին, ինչպես ենք վերաբերվում անվտանգությանը, կրկնեմ՝ կարգավիճակի հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, անվտանգության հարցը նշանակում է՝ այն համակարգը, որն այսօր գոյություն ունի, ապահովում է անվտանգության համապարփակությունը: Սա է այսօր իրողությունը: Ես կարիք չունեմ ասելու, թե որքան վճռական ենք մենք, որքան կարողություններ ունենք մեզ պաշտպանելու՝ թե' Լեռնային Ղարաբաղը և թե' Հայաստանը: Մենք այդ վճռականությունն ունենք և կարիք չունենք ամեն անգամ դրա մասին կրկնելու: Մենք գիտենք մեր` պաշտպանվելու և վնաս հասցնելու կարողությունները: Մենք գիտենք մեր կարողությունները, բայց մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել այս գործընթացը: Նման գործընթացում առաջընթաց ունենալու համար շատ էական է ունենալ նման միջավայր: Կրկնում եմ՝ մեր կարողություններն առկա են և արտահայտում են այն ուժը, որը մենք ունենք՝ մեզ պաշտպանելու, Արցախի ժողովրդին պաշտպանելու,   բավարար ուժ ունենք վնաս հասցնելու, դա է նշանակում` հետևանքներ, որոնք, վստահ եմ, որ  ցանկալի չեն և ավելի վատն են, քան խաղաղ ճանապարհով գործընթացին հանգուցալուծում տալը: Երեկ ասել եմ` խոսքը վերաբերում է հետևանքներին, բայց ոչ` վճռականության պակասին»,- ընդգծեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ձեր հանդիպումից հետո հաղորդագրություն տարածվեց հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու վերաբերյալ, ի՞նչ գործընթացի մասին է խոսքը, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել էր. «Այն, ինչ ասված է մեր հաղորդագրության մեջ, և ուրախալի է՝ նաև մյուս կողմի ու համանախագահների հաղորդագրությունների մեջ, այն, ինչ ասվել է, շարունակական, հետևողական քաղաքականություն է, որ մենք տանում ենք։ Նորություն չէ մեզ համար, մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է խաղաղությանը նպաստող միջավայր։ Վստահ եմ՝ բոլորդ հասկանում ենք, որ անհնար է մեկ կողմից խաղաղություն բանակցել, իսկ մյուս կողմից սերմանել թշնամություն կամ առավել ևս՝ մեծացնել լարվածությունը։ Այդ առումով է, որ մենք ուշադրություն ենք դարձնում նրան, որ բոլոր այն հանգամանքները, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին, շատ էական, կարևոր էլեմենտներն են այս գործընթացի մեջ»: