Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆիլմերով չէ, որ պետք է տեղեկանանք, թե ինչ է կատարվել 2008-ի մարտի 1-ին. մենք մարտի 1-ին եղել ենք, տեսել ենք` ինչ է կատարվել, երևույթը գնահատել ենք շատ հստակ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
«Մենք պաշտպանել ենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանին՝ որպես անձի, այլ՝ արդարադատությունը, և մենք այդտեղ խնդիր ենք տեսնում: Այն ձևով, որ մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին, հիմա էլ մյուսներն են ընդգրկվում այդ պրոցեսի մեջ, այսպես ասած՝ մայր գործի մեջ, սա մեզ մոտ մեծ մտահոգություններ է առաջացնում` մեր երկրում արդարադատության իրականացման մասով: Արդարադատությունը չպետք է ընտրովի լինի, արդարադատությունը չպետք է տպավորություն ստեղծի, թե հաշվեհարդարի կամ վենդետայի նպատակ է հետապնդում: Արդարադատությունն առաջին հերթին պետք է վերաբերի նրան, որ բացահայտվեն տասը զոհերի մեղավորները: Երբ այս ձևով է դրվում մեղադրանքը, փորձ է արվում այդ խնդիրը երկրորդական դարձնել: Դրվում է մի մեղադրանք, որը պետք է ապացուցվի, և հետո միայն գտնենք մեղավորին, այսինքն` տվել ենք մի ձևակերպում՝ սահմանադրական կարգի տապալում, որը դեռ պիտի ապացուցվի՝ եղե՞լ է, թե՞ ոչ, և նոր գտնենք տապալողին: Մինչդեռ` կար շատ ակնհայտ փաստ՝ 10 զոհ: Այդ մարդկանց զոհվելու մեղավորներին գտնեինք, և երբ այդպես գտնենք, կարկինը շատ ավելի լայն կբացվի, և ովքեր առնչություն են ունեցել այդ մարդկանց զոհվելուն, որևէ կերպ նպաստել են, ինչ-որ ձևով մթնոլորտ են ստեղծել, որ այդ զոհերը լինեն, նրանք էլ պիտի ընդգրկվեն և իրենց ցուցմունքներով նպաստեն բացահայտմանը: Չպետք է ասել՝ մի մասը մեղավոր է, մյուս մասը՝ ոչ: Մեր խորին համոզմամբ` երկու կողմում էլ կան մեղավորներ»,- նշեց Ռուստամյանը՝ շեշտելով, որ այս գործը մինչև հիմա քաղաքական ենթատեքստով էր ներկայացվում:
«Մենք ամեն ինչ արեցինք, որ ՀՀ-ում հստակություն մտնի, և այն ժամանակ, երբ դատվում էին Մարտի 1-ի գործով` 7 հոգու դատ կար, այդ ժամանակ մենք էինք, որ առաջին քայլերը կատարեցինք՝ այն հոդվածը, որի տակ ամեն ինչ մտնում էր, տարանջատեցինք, հստակեցրեցինք մեղադրանքը, դրա պատճառով էլ համաներում եղավ, այդ մարդիկ ազատվեցին: Սա ոչ ոք չի հիշում: Դաշնակցությունն այն ժամանակ էլ հստակ հատուկ կարծիք ներկայացրեց, երբ հանձնաժողով էր ստեղծված, ասել ենք, որ բավարարված չենք այս հանձնաժողովի աշխատանքներով, որովհետև չբացահայտվեց, թե ովքեր են մեղավոր 10 զոհերի հարցում»,- ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի նախագահը:
Ըստ նրա` սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը սխալ տեղ է տանելու, մոռացվել է՝ ովքեր են կրակել, ում հրահանգով: «10 զոհերի հարազատներին չպետք է մոլորեցնել, թե իբր այսպես բացահայտում ենք՝ ովքեր են կանգնած այդ զոհերի հետևում»,- շեշտեց Ռուստամյանը:
Անդրադառնալով Հայաստանում մի շարք քրեական գործերի, այդ թվում՝ Սամվել Մայրապետյանի գործի առնչությամբ ՄԻԵԴ-ի արձագանքներին՝ դաշնակցական գործիչը տեսակետ հնչեցրեց, որ մի ընթացք է սկսվում, երբ Հայաստանի հեղինակությունը կարող է տուժել: