Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԱԱԾ-ն և ոստիկանությունը խորհրդարանի վերահսկողությունից դուրս թողնելուն, հայտարարեց, որ այն, ինչ թույլատրելի չէր ՀՀԿ-ի համար, չի կարող թույլատրելի լինել «Իմ քայլի» համար, և այն, ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար:
Ըստ պատգամավորի` քաղաքականության դաշտ գալով՝ այդ կառույցները չեն քաղաքականացվում:
ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ հիշեցրեց նախկինում` ընդդիմադիր եղած ժամանակ, այս հարցի շուրջ ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանի արտահայտած կարծիքը և բառացի մեջբերեց նրան: «Արարատ Միրզոյանի բառերով մեջբերեմ՝ «եթե այդ ուժային կառույցները խորհրդարանի վերահողությանը չեն ենթարկվելու, չեն գալու ԱԺ, դրանք կարող են քաղաքական նպատակներով օգտագործվել վարչապետի կողմից` ճնշելու ընդդիմությանը»: Հիմա չենք կարող երաշխիքներ ունենալ, որ նոր կառավարությանը դա չի անի»,- ասաց նա:
Գորգիսյանը նաև նշեց, որ «Ելք» խմբակցության ղեկավար եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ դեմ էր, որ այդ կառույցները վարչապետին ենթարկվեն, քանի որ դա սուպերվարչապետության մի մաս էր ընկալվում: Պատգամավորի խոսքով` եթե այդ կառույցները դուրս են խորհրդարանական վերահսկողությունից, ապա դրանց ղեկավարները պարտավոր չեն ներկայանալ ԱԺ, պատասխանել պատգամավորների հարցերին: «Պատասխանատվությունն այս դեպքում վարչապետի վրա է ընկնում, ինչը շատ վատ է: Նախորդ վարչապետի, նորի դեպքում էլ մեր թիրախավորումն անձի վրա չի կառուցված, այլ համակարգի»,- հավելեց նա: