Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց «Պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդագրության ազատության իրավունքների վերաբերյալ»։
Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ օրենսդրական խնդրահարույց կարգավորումների պատճառով ձևավորվել է ոչ իրավաչափ պրակտիկա:
Մասնավորապես, կալանավորված անձին կամ դատապարտյալին պատժախուց տեղափոխելը, անկախ որևէ հանգամանքից, բացառություն չնախատեսող արգելքի ուժով, նրան զրկում է արտաքին աշխարհի հետ կապից: Այսպիսի պայմաններում, ստացվում է, որ տույժի այդ միջոցն ունի լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ, որոնք որևէ կապ չունեն տույժի նպատակների կամ պատճառների հետ: Ինքնին տույժի միջոցը կիրառվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, իսկ հաղորդակցությունից զրկելու հարցը չի հիմնավորվում: Ստեղծված պայմաններում չի ցուցաբերվում նաև անհատական մոտեցում ու չի գնահատվում ազատազրկվածի վարքագծի ռիսկայնությունը:
Պաշտպանի համոզմամբ՝ նման ոչ համաչափ սահմանափակումն առաջացնում է կալանավորված անձի կամ դատապարտյալի՝ Սահմանադրությամբ ամրագրված մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության իրավունքներից անհամաչափ և մեխանիկական զրկում:
Նշենք նաև, որ պայմանավորված խնդրի համակարգային բնույթով՝ Պաշտպանը դիմել է նաև Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության համապատասխան կարգավորումների սահմանադրականությունը: Հիմնավորվել է նաև այդ կարգավորումների անհամապատասխանությունը միջազգային իրավաբանությանը:
Պաշտպանի զեկույցն` այստեղ: