Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում Ադրբեջանը չի գրավել հայկական որևէ դիրք, առաջ են եկել, ինչը որոշ հատվածներում լարվածություն առաջացնելու հնարավորություն է տալիս: Այս մասին լրագրողներին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ մանրամասնելով իրական պատկերը:
«2018-ի ապրիլից նրանք աստիճանաբար սկսել էին առաջ գալ միջդիրքային հատվածում, և դրա արդյունքում արդեն մայիսին Ադրբեջանի զինուժը տեղավորվել էր հիմնական բնագծերում. մեկը Հունուտի ավերակների հատվածում է, որտեղ օբյեկտիվորեն պիտի նշենք, որ իրենք առաջ են եկել, բայց հայկական կողմի դիրքերն ավելի բարձր են: Նշում են` Հունուտ գյուղ, բայց գյուղ այստեղ վաղուց չկա, ավերակներ են, նրանց ամենամոտ գյուղը բավականին հեռու է սահմանային հատվածից: Մյուսը Արենի գյուղի հատվածում է՝ մեր կողմից երևացող Զանգակատուն-Արենի գյուղերի հատվածում, այստեղ է, որ մի փոքր վտանգավոր իրավիճակ է` Հունուտի համեմատությամբ. Ղզլղայա բարձունքն են վերցրել, որը որոշ տեղերում համեմատաբար ավելի բարձր է, քան շրջակայքի հայկական դիրքերը: Բայց հայկական դիրքերն էլ վատ չեն դասավորված, այսինքն՝ որոշակի տեղերում, մասնավորապես` գետի հովտում, հայկական կողմն էլ է առաջ եկել: Այսպիսի իրավիճակ է՝ դատելով արբանյակային լուսանկարներից և տեղում լինելուց: Նրանք չեն գրավել ոչ մի դիրք, նրանք առաջ են եկել, ինչը նույնպես հաճելի չէ»,-մանրամասնեց ադրբեջանագետը:
Ըստ նրա՝ Հունուտի հատվածում Ադրբեջանի զինուժի առաջ գալը մարտավարական առավելություն չի տվել նրանց, որովհետև հայկական կողմի դիրքերն ավելի բարձր են, սակայն Արենիի հատվածում վիճելի է՝ մարտավարական առավելություն տալի՞ս է, թե՞ ոչ:
«Արբանյակային լուսանկարներից դատելով` որոշակի լարվածություն ստեղծելու հնարավորություն ստացել է: Եթե առաջ հեռու էին՝ 3-4 կմ, հիմա ավելի մոտ են, ինչը նրանց նպատակներից մեկն է: Բայց պիտի նշեմ, որ հրաձգային զինատեսակներով մեր գյուղին չեն կարող հասնել, դիրքը թույլ չի տալիս, չի դիտարկվում մայրուղին»,- բացատրեց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը սրա մասին այլ ձևակերպումներ է տարածում, որպեսզի հոգեբանական ճնշում գործադրի տեղի բնակիչների վրա, և որպեսզի հայկական կողմը հավելյալ ուժեր կենտրոնացնի, ինչը մասամբ արդեն արվել է: