ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է:
Yerkir.am-ի հետ զրույցում Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ նրան ևս երեք հոդվածով մեղադրանք է առաջադրվել:
Հիշեցնենք, որ Գևորգյանը մեղադրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու մեջ։ Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ օգոստոսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին:
«Երեկ Գևորգյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ՀՀ ՔՕ-ի 300 հոդվածի 1-ին մասով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածով` հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը»,- ասաց Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում
քննվում էր Գևորգյանին կալանավորելու հարցը, սակայն դատը հետաձգվեց, և այն կշարունակվի վաղն առավոտյան: