կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-08 14:42
Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանը Սլովակիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

Զոհրաբ Մնացականյանը Սլովակիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
Դեկտեմբերի 7-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց իր գործընկերոջը ԵԱՀԿ-ում նախագահությունն ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին: Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի, կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման ուղիների շուրջ: Երկուստեք կարևորեցին բազմակողմ համագործակցության ձևաչափի շրջանակներում սուվերեն հավասարության սկզբունքի անշեղ երաշխավորումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հայ-սլովակյան հարաբերությունների օրակարգային հարցեր, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլեր: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծարար կրթության ոլորտներում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր սլովակ գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները՝ այս համատեքստում ընդգծելով հիմնախնդրի հիմնական շահառուների՝ մարդկանց կենսական անվտանգության ապահովման կարևորությունը: