կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 19:50
Քաղաքական

Զ. Մնացականյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Արցախի կարգավիճակը

Զ. Մնացականյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Արցախի կարգավիճակը

Դեկտեմբերի 6-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը կարևորել են նմանօրինակ հանդիպումների անցկացումը՝ տարածաշրջանային խնդիրների և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի քննարկման համար:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին` Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի համար հանդիսանում են առաջնայնություններ և շեշտել գործընթացում Արցախի որոշիչ ձայնի կարևորությունը:

Խոսելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման մասին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է փոխվստահության միջոցառումների իրականացման ու հռետորաբանության նվազեցման անհրաժեշտությունը: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը կոչ է անում իր միջազգային գործընկերներին ձեռնպահ մնալ որևէ գործողություններից, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և անկայունության տարածմանը:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը նաև հավելել է, որ  միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու և հիշյալ ձևաչափով համաձայնեցված ձևակերպումներից դուրս այլ ձևակերպումներ փնտրելու փորձերը չեն նպաստում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին: