կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-02 19:55
Քաղաքական

ՀՅԴ Ռուսաստանի կազմակերպությունը սատարում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնին

ՀՅԴ Ռուսաստանի կազմակերպությունը սատարում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնին

Հ.Յ.Դ. Ռուսաստանի կազմակերպության ուղերձը.

«Սիրելի հայրենակիցներ.

Հայ Յեղափոխական Դաշակցության Ռուսաստանի կազմակերպությունը, իր ամբողջ կազմակերպական կառույցով սատարելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնին, կարևորում է դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունները և հավատացած է, որ Հայաստանի և համայն հայության համար դրանք կլինեն շրջադարձային:

Այդ ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային Ժողովը պիտի որոշի Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարությունը, արտաքին և ներքին քաղաքականությունը, տնտեսության զարգացման ուղենիշերը: Նորընտիր Ազգային Ժողովին է վերապահվելու նաև անվտանգության ապահովումն և Արցախի հարցով բանակցությունների վարումը: Նորընտիր Ազգային ժողովի որոշումներով է պայմանավորվելու Հայաստանի քաղաքացու կենսամակարդակն ու բարեկեցությունը:

Մենք վստահ ենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության ազդեցիկ ներկայությունը խիստ կարևոր է Ազգային Ժողովում` այդ բոլոր հարցերում ազգային և պետական շահի գերակայությունն ապահովելու համար: Ավելին, մենք վստահ ենք` որ առանց Դաշնակցության ազդեցիկ ներկայության Ազգային ժողովն ու նրա կողմից ձևավորված գործադիր իշխանությունը ի զորու չեն լինի լուծել իրենց առջև դրված խնդիրներն ու հավուր պատշաճի դիմակայել առաջիկա մարտահրավերներին:

ՀՅԴ-ի ազդեցիկ ներկայությունն ԱԺ-ում անհրաժեշտ է, քանզի.

Դաշնակցությունը միակ ուժն է, որն ունի ոչ միայն հստակ ազգային գաղափարախոսություն, ուղեգիծ և ծրագիր, այլ նաև դրանք տարածելու, պաշտպանելու և իրագործելու փորձ ու կարողություն:

Դաշնակցությունն առաջադրվածներից միակ ուժն է, որն ունի աշխարհասփյուռ կառույց և իր մարմիններով և ուղեկից կազմակերպություններով մեծապես կօժանդակի Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացմանն ու շահերի պաշտպանությանը:

Դաշնակցությունը միակ ուժն է, որի համար հասարակության սոցիալական պաշտպանությունն ու սոցիալական արդարությունը ոչ թե լոզունգներ են, այլ քաղաքական-կազմակերպական հավատամք:

Դաշնակցության ներկայությունը խորհրդարանում կապահովի այլակարծությունն ու քննադատությունը, կապահովի ազգային և պետական շահի պաշտպանությունը:

Դաշնակցության ազդեցիկ ներկայությունը խորհրդարանում թույլ չի տա, որ ընդունվեն այնպիսի օրենքներ, որոնք ուղղված են Հայաստանի և Արցախի անվտանգության, հայկական ավանդական ընտանիքի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ազգային արժեքների և ավանդույթների դեմ:

Դաշնակցությանն ընտրելով դուք կօգնեք, որ Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակներն ավելի ազդեցիկ լինեն աշխարհում, որ համահայկական մշակութային, բարեգործական և մարմնակրթական կազմակերպություններն ավելի արդյունավետ գործեն, որ հարյուրավոր կրթական հաստատություններ ավելի ամուր կապերով կապվեն Հայրենիքի հետ:

Դաշնակցությանն ընտրելով` դուք կօգնեք որ հազարավոր աշխարհասփյուռ դաշնակցականներ և համակիրներ ավելի ուժեղ և գնահատված զգան իրենց և կխրախուսեք նրանց մասնակցությունը պետականաշինության գործին:

Դաշնակցությանն ընտրելով` դուք կհաստատեք, որ երբեք ազգային արժեքների պաշտպանությունը չի անտեսվի, երբեք ազգայինը մեր մեջ չի նսեմանա, երբեք հայության պաշտպանը իր իսկ ժողովրդի կողմից չի անտեսվի:

Դաշնակցությանն ընտրելով` դուք կընտրեք ինքներդ Ձեզ, քանզի Դաշնակցությունը մեկն է Ձեզանից և միշտ հավատարիմ է իր Հողին ու Հային…

Սիրելի ժողովուրդ, Դուք տեսնում և գիտակցում եք այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև. ներքին և արտաքին վտանգները երբեք այդքան ազդու չեն եղել: Մեր սխալ որոշումը մեզ թանկ կարժենա, մենք չունենք այդ գինը վճարելու ոչ ռեսուրս, և ոչ էլ իրավունք: Դաշնակցությունն այսօր միասնական է ավելի, քան երբևէ: Մեր համար չկան դրսի և ներսի դաշնակցականներ, մենք ունենք մեկ օրակարգ` այն Հայի և Հայաստանի հավաքական շահերի պաշտպանությունն է:

Միացիր Դաշնակցությանը, և մենք միասին կհաղթենք նաև այս պայքարում:

Մենք վստահում և հավատում ենք Ձեզ…»: